ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խորհրդային ժամանակներում խոշոր քաղաքներից դուրս՝ ավտոճանապարհներին, արագությունը սահմանափակող նշաններ էին դրված: Նույնիսկ ավտոմեքենաների հետնամասում էին արագության սահմանափակումները հիշեցնող փոքրիկ կպչուն թղթեր փակցված: Այդ լավ ավանդույթը, ցավոք, մոռացվեց, եւ այսօր միջմարզային ճանապարհներին մեքենաները երբեմն անպատկերացնելի արագությամբ են երթեւեկում: Արդյո՞ք պատկան կառույցն այդ կարգը վերականգնելու մտադրություն չունի:

Սերգեյ Քառյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա երթեւեկության արագության հիմնական առավելագույն ցուցանիշները սահմանված են ճանապարհային երթեւեկության կանոններով (հաստատված է ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ): Իսկ եթե որեւէ ճանապարհահատվածում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է սահմանել ավելի ցածր թույլատրելի առավելագույն արագություն, ապա տեղադրվել եւ տեղադրվում են ճանապարհային նշաններ:
Ինչ վերաբերում է ինչ-որ ավանդույթի վերականգնմանը, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավահարաբերությունները կարգավորվում են իրավական ակտերով, այլ ոչ թե ավանդույթներով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին, անկախ ամեն ինչից, արագ չերթեւեկել: Իսկ ինչ վերաբերում է ճանապարհային նշանների առկայությանը, ապա հարկ է նշել, որ շատ հաճախ խոշոր վթարներ կամ մարդկային կորուստներ են գրանցվում հենց այդ նշանների բացակայության պատճառով: Ցանկալի է, որ ե՛ւ վարորդները հնարավորինս զգույշ լինեն, ե՛ւ համապատասխան կառույցները լավ աշխատեն:




Լրահոս