Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի ընթերցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը՝ ուղղված դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին, սակայն ծանոթ է լրատվությունում առկա գնահատականներին։ Այս մասին պատգամավորը նշեց Armlur.am-ի հետ զրույցում։
«Միանշանակ է, որ ես չեմ կարող շատ հստակ համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել այդ զեկույցին։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, կա ընդհանրական կարծիք, որ լավագույն հանրաքվեն չէր, և եղել են բազմաթիվ խախտումներ», – ընդգծեց Տիկին Սարգսյանը։
Նա հավելեց, որ հստակ չի կարող ասել, թե որքանով է դա ազդել հանրաքվեի ընդհանուր պատկերի վրա։ «Ինքս հետևել եմ որպես քաղաքացի, բայց ակտիվ գործընթացի մեջ չեմ եղել, ու ես համամիտ չեմ այն կարծիքին, որ ԵԱՀԿ-ն միշտ օբյեկտիվ է լինում։ Մենք բազմաթիվ ընտրություններ ենք անցկացրել, որի արդյունքում շատ դրական գնահատականներ են եղել, երբ մենք վստահ ենք եղել, որ դա այդպես չէ», – հավելեց պատգամավորը։
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` ավելի կարևոր է, թե ինչպես է հանրությունն ընկալում հանրաքվեի արդյունքները, իսկ ԵԱՀԿ-ի գնահատականներին երբևիցէ լուրջ չի էլ վերաբերվել։ «Երբեք սկզբունքային մոտեցում չի եղել, այլ ըստ նպատակահարմարության, հնչել են գնահատականներ», – հավելեց նա։
Հարցին՝ իշխանություններն այս ամենից ինչ հետևություն պետք է անեն, պատգամավորը նշեց․ «Իշխանությունները միշտ պետք է հետևություն անեն, թե ինչ հանրային կարծիք է ձևավորված այս կամ այն ընտրության նկատմամբ, որտեղ լինում է իշխանության միջամտությունը։ Միանշանակ, պետք է լուրջ հետևություններ անենք»։