««Մալադոյ» էլ չի, որ ասենք՝ վախեցել, փախել է». անհետ կորած զինծառայողի հարազատները մանրամասներ են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ փետրվարի 6-ից անհետ կորած է համարվում 19-ամյա շարքային զինծառայող Ազիզ Բաքոյանը: ArmLur.am-ին զինծառայողի մերձավոր շրջապատից հայտնել են, որ նա ծառայում է արդեն ավելի քան մեկ տարի. երբեք ծառայությունից չի բողոքել, գանգատներ չի ունեցել, ավելին՝ մշտապես գոհունակությամբ է խոսել ծառայության և համածառայակիցների մասին:

ArmLur.am-ը զրուցեց Ազիզ Բաքոյանի մորաքրոջ՝ տիկին Արևիկի հետ, ով մանրամասներ ներկայացրեց իր զարմիկի ծառայության վերաբերյալ. «Վերջին անգամ հոր հետ է խոսել, մոտ 10 օր առաջ, հարցրել է՝ ոնց են, ու հեռախոսն անջատվել է: Քույրս մի ամիս է՝ ձայնը չի լսել: Բայց միշտ գոհ է եղել իր ծառայությունից, չի բողոքել, ծառայակիցների հետ կոնֆլիկտներ չի ունեցել: Համենայն դեպս, նման բաների մասին չի պատմել: Միշտ ասում էր՝ մամ ջան, ընտիր տեղ եմ ծառայում: Հետո էլ բոլորիս այս պահին մի հարց է հուզում՝ ինչո՞ւ պետք է մեկ տարուց ավել ծառայած, ծառայությունից գոհ զինվորը փախչեր զորամասից: Կամ որ ռազմականից ասում են՝ մենք ենք թաքցրել, ինչո՞ւ պետք է թաքցնեինք: «Մալադոյ» էլ չի, որ ասենք՝ վախեցել, փախել է»,- ներկայացրեց զինծառայողի մորաքույրը:

Վերջինս հայտնեց, որ Ազիզ Բաքոյանի հայրը զորամաս է այցելել, հարց ու փորձ արել, սակայն ոչ ոք ոչինչ չի ասել, նույնիսկ համածառայակիցները որևէ կարևոր տեղեկություն չեն հայտնել. «Բա մեկը չէղա՞վ, որ ասեր՝ ուր կարող էր գնալ, ինչ կարող էր եղած լինել: Բոլորն ասել են՝ ոչինչ չգիտեն, ոչ մեկի հետ Ազիզը կոնֆլիկտ չի ունեցել, չի կռվել: Ախր, սիրած աղջիկ էլ չունի, որ ասենք՝ հնարավոր է նրա մոտ գնացած լիներ: Բայց 4 օր զինվորը կորած լինի, ու չկարողանա՞ն գտնել, ո՞վ է նման բան տեսել: Բնականաբար, հիմա մեր մտքով ամենավատ բանն էլ կարող է անցել: Ի՞նչ մտածենք»,- հուզված շարունակեց մեր զրուցակիցը:

Տիկին Արևիկի փոխանցմամբ՝ Ազիզ Բաքոյանի ավագ եղբայրը վերջերս է զորացրվել, փոքրը՝ շուտով կանցնի ծառայության: Նրանք նաև մի քույր ունեն:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ եթե զինվորը 3 ժամից ավելի բացակայում է զորամասից, ապա հայտնվում է ռազմական ոստիկանությունում:




Լրահոս