Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ փոխայցելությունները, միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումները ավանդական են դարձել, ինչը թույլ է տալիս քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նախանշել նոր ծրագրեր։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Շվեդիայի արտգործնախարարն ասաց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական և բազմակողմ ձևաչափերով։ Տիկին Վալստրյոմը նշեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումների ակտիվացումը մեծ հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ արվեց առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը: Շեշտվեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման համար առկա ներուժը:

Քննարկվեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր: Կարևորվեց մարդկային շփումների խթանումը:

Անդրադարձ արվեց Հայաստան – Եվրամիություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններին: Մարգոտ Վալստրյոմը նշեց, որ Շվեդիան սատարում է Հայաստանի հետ հավակնոտ համաձայնագրի մշակմանը։

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը՝ շնորհակալություն հայտնելով այդ առումով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին: Քննարկվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանության հարցերը։ Շեշտվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, իրավիճակը հակամարտության գոտում:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Մարգոտ Վալստրյոմը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր։

Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։




Լրահոս