Գործարար Խաչիկ Խաչատրյանի՝ հայտնի ձվերի Խաչիկի որդին Երեւանի կենտրոնում չհաջողված եւ վթարով ավարտված ավտոմրցում կազմակերպելու համար տուգանվել է ընդամենը 30 հազար դրամով:
Հունվարի 17-ին 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը «մարտի» էր բռնվել Աբովյան փողոցի էլեկտրասյան հետ: Օլիգարխի որդին թանկարժեք «Ford Mustang» մակնիշի սպորտային 444 MM 44 պետհամարանիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայից բարձր արագությամբ թեքվել էր դեպի Աբովյան փողոց, բայց չկարողանալով ավտոմեքենան կառավարել, հավասարակշռությունը կորցնելով՝ բախվել էր էլեկտրասյանը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե Մեսրոպ Խաչատրյանի նկատմամբ ինչ տույժ է կիրառվել: Տեղեկացանք, որ երիտասարդը ենթարկվել է 30 հազար դրամ վարչական տույժի:
Իսկ ինչ վերաբերում է էլեկտրասյանը, որը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, դրա արժեքը փոխհատուցելու է օլիգարխի որդու ավտոմեքենան ապահովագրած ընկերությունը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ օլիգարխի որդին տուգանքն արդեն իսկ վճարել է:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Լուսանկարները` Shamshyan.com-ի