ՆԱԽԱՐԱՐԸ, ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՎ, ՕԳՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Լոռու մարզի սահմանամերձ գյուղեր` տեղեկանալու, թե այնտեղ ինչ իրավիճակ է եւ ինչպիսի սոցիալական խնդիրներ կան:
-Պարո՛ն Ասատրյան, թոշակառուների ցուցակների հետ կապված՝ կրկին խնդիրներ են առաջացել, ի՞նչ է իրականում կատարվում: Այս ամենը տեխնիկական վերազինո՞ւմ է, եւ, ի վերջո, ի՞նչ է տալու դա համակարգին: 
-Սա շարունակվող պրոցես է, կարեւորագույն հանգրվան, երբ կենսաթոշակների վճարման ցուցակները տպագրվում են նոր տեղեկատվական համակարգից: Արդեն շուրջ մեկ տարի է՝ մենք իրականացնում ենք կենսաթոշակառուների երկու համակարգերով հաշվառում: Այսինքն՝ փորձնական ծրագիր էինք անում, որպեսզի նոր տեղեկատվական շտեմարանն ամբողջությամբ լրացվեր ու շտկվեր, իսկ հունիս ամսից արդեն կենսաթոշակների վճարման ցուցակները տպագրվել են բացառապես նոր համակարգից: Ու այնտեղ դուրս են եկել այն բոլոր պրոբլեմները, որոնք նոր տեղեկատվական համակարգն ի ցույց է դրել: Բայց կան ճշգրտման ենթակա տվյալներ. այն քաղաքացիները, որոնք գնում են, եւ վճարման ցուցակում իրենց անվան դիմաց նշված է, որ ճշգրտման անհրաժեշտություն կա, նրանք պետք է այցելեն տարածքային կենտրոն, խնդիրը ճշգրտվի, որպեսզի միայն իրավունք ունեցողները ստանան գումարները:
-Վստա՞հ եք, որ այս ճշգրտված ցուցակներում այլեւս ,մեռյալ հոգիներե չեն լինելու:
-Արդեն վաղուց է լուծված այդ խնդիրը, ուղղակի Դուք ճիշտ եք ասում, քանի որ այս համակարգն ավտոմատ ստանում է նաեւ մահվան վերաբերյալ տվյալները, միանգամից դադարեցվում է այդ վճարումը: Այստեղ կարող է միայն խնդիր լինել այն, որ, օրինակ, մահը գրանցվել է այլ երկրում, իսկ այդ տեղեկատվությունը մենք չունենք: Բայց որ նման խնդիրները չեն շարունակվում, դա հստակ կարող եմ ասել:
-Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով սոցիալական մեծ բունտ է հասունանում, Դուք՝ որպես սոցապնախարար, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը, եւ ինչպե՞ս է իրագործվելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած սուբսիդավորումը:
-Նախ պետք է տարանջատենք երկու ոլորտները. սուբսիդավորման մեխանիզմը  սոցապնախարարության խնդիրը չէ. դրա համար կան լիազոր մարմիններ՝ էներգետիկայի նախարարություն եւ այլն, որոնք այսօր բանակցությունների մեջ են: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման արդյունքում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, եւ սոցիալապես անապահով ընտանիքների հետ կապված ինչպիսի ծրագրեր կիրականացվեն, երբ կավարտվեն այդ բանակցությունները, եւ կլինի հստակ որոշում, այդ ժամանակ մենք կնախապատրաստենք մեր առաջարկությունները եւ կներկայացնենք կառավարությանը:
-Իսկ ինչպիսի՞ օգնություն եք պատրաստվում ցուցաբերել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, որոնք այսօր հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպե՞ս եք պատկերացնում գյուղացիների վնասի փոխհատուցումը:
-Գիտեք, որ փոխանցումներ արել ենք, վարչապետի հանձնարարականով կառավարության բոլոր անդամները եւ ԱԺ պատգամավորները մասնակցել են:
-Դուք անձամբ Ձեր աշխատավարձը փոխանցե՞լ եք:
-Այո՛, փոխանցել եմ:
Իսկ այս մեկ ամիսն ինչպե՞ս եք ապրելու առանց աշխատավարձի:
-Ես առիթ ունեցել եմ ասելու, եթե նեղության մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու խնդիրը կա, ու մեկ անձ ուզում է օգնել մեկ այլ անձի, ուրեմն ինքն իրեն պետք է նեղություն տա, եւ կարծում եմ՝ այս իրավիճակում գտնվող մեր համաքաղաքացիներին օգնելը մեր յուրաքանչյուրիս պարտքն է: Կարծում եմ, որ այդ առումով կարող ենք հնարավորություններ գտնել եւ մեկ ամիս մեր ծախսերը որոշակիորեն  սահմանափակելով`  կարողանալ օգնել մեր համաքաղաքացիներին: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես աջակցությանը, նաեւ նախատեսվում է կառավարության համապատասխան որոշում, որպեսզի աջակցություն ցուցաբերվի, բացի այն օգնություններից, որոնք, արդեն գիտեք,  իրականացվել են:
Սոցիալական խնդիրներն այնքան են շատացել, որ ՀՀ քաղաքացիներն օր օրի լքում են երկիրը: Դուք կոնկրետ ի՞նչ քայլեր եք ծրագրում դա կանխելու համար: Օրինակ` երբեւէ  որեւէ հեռավոր  գյուղ գնացե՞լ եք՝ տեսնելու, թե այնտեղ մարդիկ ինչպես են ապրում:
-Իհարկե այցելել եմ ու պատրաստվում եմ այցելել սահմանամերձ գյուղերը, որոնք մեր աջակցության կարիքն ունեն: Մենք պետք է հասկանանք, թե այդ գյուղերի բնակիչներն  ինչ խնդիրներ ունեն, եւ թույլ չտանք, որ նրանք լքեն երկիրը: Առաջիկայում պատրաստվում եմ այցելել Լոռու մարզի սահմանամերձ գյուղերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 555 համար




Լրահոս