Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին՝ ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Վեհափառ Հայրապետը ողջունեց Մոնսերատ Կաբալյեի այցը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգևորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:
Խոսելով Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունների մասին՝ Մոնսերատ Կաբալյեն իր հերթին նշեց, որ այս այցելությունն իր համար ուխտագնացություն է՝ Հայաստանն անվանելով քրիստոնեական հավատի բաց սիրտը:
Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց Եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու դերակատարությանը, հայ հոգևոր երաժշտությանը և մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևորությանը: Կարևորվեց նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց աշխարհահռչակ երգչուհուն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ում ուղեկցությամբ տիկին Կաբալյեն այցելեց նաև Մայր Տաճար և Մայր Աթոռի թանգարաններ: