Մենք լուրջ, կայացած մարդիկ ենք, կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի. Արմեն Երիցյանը` իր գերատեսչության ապագայի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի հարցը դեռ ձգձգվում է, սակայն կարծես թե այլեւս պարզ է, որ սկզբունքային համաձայնությունն առկա է, եւ կատարվում են վերջին հստակեցումները` պաշտոնների բաժանման շուրջ: Այդ թվում է նաեւ ՏԿԱԻՆ-ը, որը նոր կոալիցիայի ստեղծման դեպքում վերստին բաժանվելու է երկու գերատեսչության. ԱԻՆ-ը շարունակելու է ղեկավարել Արմեն Երիցյանը, իսկ, ահա, տարածքային կառավարման նախարարությունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ:

-Պարո՛ն Երիցյան, կարծես թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կայանում է, եւ ՏԿԱԻՆ-ի բաժանումն անխուսափելի է դառնում: Օրեր առաջ հարցին, թե ինչպես եք վերաբերվում հեռանկարին, որ տարածքային կառավարման նախարարւթյունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին, իսկ ԱԻՆ-ը մնալու է Ձեզ, Դուք պատասխանել էիք, որ այդ մասին առաջին անգամ եք լսում: Այժմ նոր տեղեկություններ չունեք Ձեր ղեկավարած գերատեսչության ապագայի վերաբերյալ:

-Ես գտնում եմ, որ մենք չպետք է հավատանք բամբասանքներին, և եթե ինչ-որ մի փոփոխություն լինի կառավարության կազմում, այնպես լինի, որ բաժանվեն, նոր կխոսենք, բայց այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, եւ ինձ ոչ մեկն այդ մասին չի ասել:

-Դուք նախարար նշանակվեցիք ՕԵԿ քվոտայով, այնուհետեւ դուրս եկաք այդ կուսակցությունից: Այժմ, եթե անհրաժեշտություն լինի ՀՀԿ-ական դառնալ եւ կրել այդ կուսակցության կրծքանշանը, կանե՞ք:

-Ես կարծում եմ, որ եթե-ով խոսելը շատ սխալ է, եթե այսպես լինի, եթե Ձեզ առաջարկեն, եթե Ձեզ հանեն… մենք լուրջ, կայացած մարդիկ ենք, կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի:

-ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն իրենց զեկույցում հատուկ քննադատել են այն փաստը, որ սահմանադրական հանրաքվեի գործընթացում ներգրավված էին պետական պաշտոնյաները, ինչը տեղիք է տալիս մտածելու նրանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին:

-Չէ՛, պաշտոնեական դիրքի չարաշահում չի կարող լինել, որովհետեւ ամբողջ քարոզչական արշավը եղել է աշխատանքից հետո` կիրակի օրերին: Եւ այդ ժամանակ ես, ինչպես նաեւ մյուս քաղաքացիները, իրավունք ունենք նույնպես քարոզել, եւ եթե ասում են, որ մենք աշխատանքի ժամին ենք… այդ ամենը սուտ է, այդպիսի բան չի եղել ոչ մի անգամ:

-Ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն իշխանությունների համար ձախողում էր, ընդդիմության եւ դիտորդների բացահայտումներից զատ` բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Դուք՝ որպես շտաբի պետի տեղակալ, ի՞նչ հետեւություններ եք արել Ձեզ համար:

-Ես գտնում եմ, որ եթե եղել են խախտումներ, եւ ովքեր արել են խախտումներ, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հենց դա էլ խոսում է, որ մենք կիրառել ենք դեմոկրատական սկզբունքները, եւ եթե մարդ կատարել է զանցանք կամ հանցանք, պետք է պատասխան տա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս