Սա վերջնագրի նման մի բան է. խախտումների կազմակերպիչը հենց ՀՀԿ-ն է. Արամ Մանուկյանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փետրվարի 6-ին կոշտ զեկույցով էր հանդես եկել` քննադատելով թե՛ քվեարկության ու հաշվարկի ընթացքը, թե՛ հանրաքվեի կազմակերպումն ու բողոքարկումը:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, փետրվարի 6-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ կոշտ զեկույցով հանդես եկավ՝ իր մտահոգությունը հայտնելով առ այն, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Ի՞նչ կհետեւի այս զեկույցին:

-ԵԱՀԿ-ն ֆիքսել է այն բոլոր կետերը, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք: Այսինքն՝ իրենք եվրոպայում հասկանում են, որ պրոբլեմներ կան, բայց Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ դիտավորյալ են անում: ԺՀՄԻԳ-ի զեկույցը սկսվում է նրանով, որ ընտրական օրենսգրքում, որով հանրաքվեն անցկացրել են, վերջին փոփոխությունն արվել է նոյեմբերին: Այսինքն՝ նոյեմբերին փոփոխություն են անում, իսկ դեկտեմբերի 6-ին քվեարկություն:

Աշխարհը նման բան չի տեսել: Եւ ԺՀՄԻԳ-ը, պարզ է, որ ֆիքսել է այս ամենը: Քանի տարի է` մենք նշում ենք, որ Հայաստանի ընտրացուցակներն ուռճացված են, հարկավոր է մաքրել: Նույնն էլ ԺՀՄԻԳ-ը 2012 թվականի զեկույցներից սկսած ամեն անգամ ասում է, որ Հայաստանում ընտրացուցակներն ուռճացված են, պետք է մարքել: Այսինքն՝ մեր երկրում գործող բոլոր այն խութերը, որոնք կեղծիքների հիմք են տալիս, արձանագրված են այդ փաստաթղթում:

-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում առանձին տողով նշված էր նաեւ այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից միջամտություն է եղել: Ինչպես նաեւ զեկույցում հատուկ քննադատություն կար առ այն, որ պաշտոնյաները քարոզարշավի ընթացքին ներգրավված են եղել: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-ՀՀԿ-ի պատասխանատվության մասն այս անգամ ավելի խիստ էր, քան նախորդ անգամներում: Այստեղ հասցեատերը կոնկրետ ասում է, որ խախտումների կազմակերպիչը հենց ՀՀԿ-ն է: Այս առումով կոնկրետացում կար: Պաշտոնյաների ներգրավածության մասով շատ մանրամասն գրված էր: Քանի անգամ ենք ասել, որ օրենքի խախտում է, վարչական ռեսուրսի կիրառում, վարչական դիրքի չարաշահում:

-Պարո՛ն Մանուկյան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող է փոխել, ի՞նչ սպասենք այս զեկույցից:

-Մենք այնքան ռոմանտիկ չենք, որ, ասենք թե, հնարավորություն ունենք այս փաստաթղթի հիման վրա չեղյալ համարել դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Բայց այս փաստաթուղթը լուրջ հիմք է տալիս իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու, առաջիկա ընտրական համակարգը բարելավելու համար: Այս փաստաթուղթը երրորդ անգամ անընդմեջ ՀՀ իշխանություններին ասում է՝ բարձրացրու քո քաղաքացիների վստահությունը ընտրությունների նկատմամբ եւ պատիժներ սահմանիր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խախտումներ են անում:

Եվ այս փաստաթղթում ֆիքսվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները ՀՀ իշխանությունները չեն կատարել: Այսինքն՝ սա կարծես վերջնագրի նման մի բան է՝ կա՛մ կատարիր այս հանձնարարականները, կա՛մ ինձնից ուրիշ բաներ մի սպասիր: Այս զեկույցը դրական է այն առումով, որ մենք կօգտագործեք նշված հանձնարարականները որպես ուղեցույցներ եւ կփորձենք ընտրական օրենսգրքում անցկացնել այդ կետերը: Մասնավորապես 2-3 կետի մասին է խոսքը. ցուցակները մաքրել, ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակել, էլեկտրոնային մատնահետքով քվեարկություն իրականացնել եւ նկարահանել բոլոր տեղամասերը:

-Սահմանադրական փոփոխություններից հետո այժմ ՀՀ իշխանությունները զբաղված են նոր ընտրական օրենսգրքի մշակմամբ եւ արդեն խմբի փաստացի ղեկավար Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության տարբերակին: Այս մեթոդը ի՞նչ վտանգներով է հղի: Հնարավո՞ր է՝ Հայաստանում էլեկտրոնային քվեարկությամբ ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

-Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որ չգիտեմ՝ ինչի մասին է, ես չգիտեմ՝ ինչ տարբերակ են բերելու: Մեր առաջարկած տարբերակով ոչ թե էլեկտրոնային քվեարկությունն է, այլ քաղաքացիների գրանցումը էլեկտրոնային տարբերակով, որը նշանակում է՝ դու մտնում ես տեղամաս, մատնահետքդ վերցնում են, եւ դու այլեւս չես կարող որեւէ տեղ մտնել:

-Ընդդիմադիր կուսակցությունները՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, որեւէ կերպ չեն մասնակցում ԸՕ փոփոխություններին: Ինչո՞ւ: Հրավեր չկա՞, թե՞ հետաքրքրություն դեպի այդ գործընթացը:

-Մասնակցում ենք եւ ներկայացնում ենք մեր բոլոր առաջարկները: Մեր առաջարկները քաղաքական այլ ուժերի հետ համատեղ ենք դարձնում, որոնք, բնականաբար, կներկայացնենք օրենքի քննարկման ժամանակ: Մեր առաջարկները համընկնում են ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի առաջարկների հետ: Չմասնակցելու մասին երբեւէ խոսակցություն չի եղել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս