Մեր նպատակն այս տարիների ընթացքում կոալիցիա մտնել, պաշտոններ ստանալ և «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված. Լյովա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, հրապարակումներ եղան, որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ նախատեսել են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի հարցը, ստորագրահավաք են փորձում կազմակերպել այդ կապակցությամբ եւ դիմելու են նախագահին եւ վարչապետին, տեղյա՞կ եք Դուք այդ գործընթացից:

-Իհարկե:

-Դուք մասնակցո՞ւմ եք ստորագրահավաքին:

-Իհարկե:

-Ի՞նչն է պատճառը: Նա չի կարողանում իրականացնել ԲՀԿ նախագահի լիազորությունը:

-Մեր նպատակն այս տարիների ընթացքում կոալիցիա մտնել, պաշտոններ ստանալ եւ կերակրատաշտին, «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է եւ խանգարում է այդ գործընթացին:

-Ստացվո՞ւմ է՝ պարտադրել Նաիրա Զոհրաբյանին հրաժարական տա՞լ:

-Այո՛, առայժմ 50 տոկոսով, մենք՝ ստորագրողներս, համաձայն ենք, իսկ տարածքային կուսակցական կառույցները դեմ են եւ պաշտպանում են Նաիրա Զոհրաբյանի տեսակետը:

-Բացի Ձեզանից՝ ովքե՞ր են ստորագրել Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի օգտին:

-Բոլոր նախկին կաշառակերները եւ երիտասարդ ապագա կաշառակերները, ովքեր, եթե քնելուց առաջ մի կտոր իշխանական բլիթից չենք համտեսում, քունները չի տանում:

-Պարո՛ն Խաչատրյան, Դուք ո՛չ երիտասարդ եք, ո՛չ նախկին պաշտոնյա, հետեւաբար նախկին կաշառակեր էլ չեք, ինչո՞ւ եք միացել այդ գործընթացին:

-Հաա, հաա / ծիծաղում է/, նիկրոլոգիայումս կարտացոլվի պաշտոնս:

-Պարո՛ն Խաչատրյան, կարո՞ղ եք ստորագրողներից մի քանիսի անունը տալ:

-Հա, հա/ ծիծաղում է/, Դուք այդ բոլոր հարցերը լո՞ւրջ էիք տալիս:

-Իհարկե:

-Ինձ թվաց՝ Դուք մամուլում տպված նմանատիպ նյութերի մարաթոնի ֆոնին պարզապես ցանկանում էիք՝ նմանատիպ մի նյութ էլ Դուք գրեիք, որը կլինի կարդացվող, սենսացիոն:

-Ո՛չ, ինձ՝ որպես կայացած մամուլի ներկայացուցչի, հետաքրքում է իրականությունը, որը ես պարտավոր եմ փոխանցել ընթերցողներին:

-Իրականությունն այն է, որ ԲՀԿ կուսակցությունը միասնական է, բազմակարծիք, կուսակցության անդամները հավատում են իրենց նախագահին եւ քաղխորհրդի անդամներին, իսկ ստորագրահավաքը էժանագին ապատեղեկատվություն է եւ ուղղորդված հիմարություն:

Առիթից օգտվելով՝ եւս մեկ անգամ շնորհավորում եմ 5-ամյա «Ժողովրդին» ժողովրդի անունից եւ ցանկանում եմ՝ այսուհետ եւս լինեք այնպիսին, ինչպիսին եղել եք այս տարիների ընթացքում:

Ա. Թովմասյան




Լրահոս