Ինչ մրցանակների են արժանացել 2015-ի լավագույն ուսանողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին: Ողջունելով մրցույթի հաղթողներին ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ.

«Ամեն մի բուհ իր չափանիշներով էր ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսման գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ մրցույթի արդյունքները ցույց են տալիս երկրին և հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները. «Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,-նշել է նախարարը:

«Լավագույն ուսանող» մրցույթն իրականացվում է 2013 թվականից ՝ ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն:
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը, որի մեջ ընդգրկվում են՝ ֆակուլկտետի դեկաններ, ամբիոնի վարիչներ, գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ: Մինչև հոկտեմբերի 20-ը բուհերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ըստ վերոնշյալ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների տվյալներ:

Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, որի կազմի մեջ ընդգրկվում են՝ 3 ներկայացուցիչ նախարարությունից, 3 բուհերի ուսանողներից, 4 բուհերի մրցույթի կազմակերպիչներից և 1 Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին : Հղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը:

2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:




Լրահոս