ԵՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՄԵՍՏ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դուդուկահար, երգիչ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ ավարտել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, “Մխիթար Սեբաստացի” կրթօջախի երաժշտական բաժինը, Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: Ուսման տարիներին ե՛ւ նվագել, ե՛ւ երգել է: Համագործակցում է ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանի, աշխարհահռչակ երաժիշտ Պիտեր Գաբրիելի հետ:
-Հիմա Դուք Ձեզ ավելի շատ երգի՞չ, թե՞ դուդուկահար եք համարում:
-Չէ՞ որ ես երաժիշտ եմ: Չեմ կարող համարել մեկը կամ մյուսը, ես երկու բնագավառում էլ ինձ լավ եմ զգում ու կարողանում եմ պատշաճ կերպով ժամանակ տրամադրել: Հաճախ եմ համերգներով լինում Եվրոպայում, հուլիսին էլ Լեւոն Մինասյանի եւ մի քանի այլ երաժիշտների հետ Պիտեր Գաբրիելի հրավերով կմեկնենք Անգլիա` համերգ տալու: Ի դեպ, այդ համերգի ընթացքում երգելու եմ նաեւ “Լուսնյակ գիշեր բոլորովին քուն չունեմ” երգը:
-Հայտնի երաժիշտներից է՞լ ում հետ եք համագործակցել:
-Երկար տարիներ նվագել եմ Աննա Մայիլյանի հետ: Շատ երկրներում էլ պարահանդեսների եմ երգել մեր հայ համայնքի համար` Բեյրութ, Սիրիա… 
-Իսկ ինչո՞ւ Ձեր գործունեությունը երբեք չի լուսաբանվում:
-Ես չափազանց համեստ եմ, չեմ սիրում զանգել, ասել՝ իմ մասին գրե՛ք: 
-Ո՞ր ժանրի երգեր եք երգում:    
-Ավելի շատ երեւանյան ֆոլկլոր:
-Դա նույն ռաբի՞սն է:
-Այդ ռաբիս բառը բոլորովին այլ կերպ է ընկալվում: Դա ո՛չ երգի, ո՛չ էլ երգելաոճի անուն է: Բազմաթիվ անգամներ ասել ենք՝ դա ինչ ոճ է: Ռաբիսին էլ ներկայացնելու ձեւ կա, ես չկամ ժողովրդին հակա այլ ոճի մեջ: Ես ոչ թե թերագնահատում եմ, պարզապես երգի իմ տարբերակն եմ ընդունում, որ մուղամներ ու արեւելյան ելեւէջներ չի պարունակում:
-Բայց ռեստորանում աշխատում եք, չէ՞:
-Իհարկե աշխատում եմ, երկար տարիներ էլ աշխատել եմ: Այն լավ դպրոց է նոր, սկսնակ կատարողի համար, որ ամեն օր երգի ու փորձ ձեռքի բերի: Բայց իմ ու շատ այլ երգիչների դեպքում դպրոց չէ, մեզ համար գումար վաստակելու տարբերակ է, ինչպես, օրինակ, հարսանիք երգելը, համերգ նվագելը:
-Իսկ ինչպիսի՞ երաժշտություն է նախընտրում հաճախորդը:
-Այդ նույն հաճախորդը, որ դեմ առ դեմ կամ էլ հեռուստատեսությամբ խոսում է, որ չի սիրում ռաբիս երգեր, պարում, ուրախանում ու շատ էլ լավ է զգում այդ երգերի տակ, վերջում էլ շնորհակալ գնում է տուն: 
-Պատահե՞լ է, որ Դուք ե՛ւ երգեք, ե՛ւ նվագեք:
-Ինչո՞ւ ոչ, նման դեպքեր էլ են եղել:
-Հոնորարի չափը դրանից փոխվո՞ւմ է:
-Ես չեմ ուզում որեւէ թիվ նշել, բայց ես ու իմ բազմաթիվ ընկերներ շատ բաներ ենք հաշվի առել: 
-Այսքան տարի է՝ երգում եք, ձայնասկավառակ ունե՞ք:
-1995 թվականից հիմնական երգում եմ ռեստորանում ու այս ժամանակահատվածում միայն դուդուկի ձայնասկավառակ եմ ձայնագրել, իսկ երգերինս հիմա պատրաստում եմ, ընթացքի մեջ է: Շուտով նաեւ տեսահոլովակ կնկարեմ “Կենաց դե ասա” երգիս հիման վրա: Պարզապես եթերում հայտնվելը մի քիչ բարդ պրոցես է: 
-Գումա՞ր են ուզում: 
-Նման դեպքեր էլ են եղել, բայց ինձ ճանաչում են, շատ անգամ հրավիրել են նույնիսկ առանց միջնորդի: Բայց սրանից էլ եմ գոհ: Ինձ ոչինչ չի պակասում, մի լավ հայկական արտահայտություն կա` “ջանսաղություն”: Ունեմ լավ ընկերներ կողքիս կանգնած, մնացած հարցերում էլ ամեն ինչ նորմալ է՝ ընտանիք, լավ ապրելակերպ, լավ զավակներ, լավ կին, լավ ծնողներ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 551 համար




Լրահոս