«ՌՈՒՍԿԱՅԱԶԻՉՆԻ» ՆԺԴԵՀԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել  շինարարության ընթացքին եւ ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին: Այնուհետեւ նա աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների եւ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Թվում է, թե միանգամայն նորմալ, անգամ գովելի երեւույթ է, որ երկրի ղեկավարն իր աշխատանքային հագեցած գրաֆիկում տեղ է հատկացնում կրթօջախի կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար: Սակայն այս դեպքում խնդիրը փոքր-ինչ այլ է. Սերժ Սարգսյանն այցելել է ոչ թե որեւէ սովորական դպրոց, այլ ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի միջոցներով կառուցվող օտարալեզու դպրոց, որի կառուցման դեմ տեւական ժամանակ պայքարում էր հայոց մտավորականության ակտիվ հատվածը:  Ժամանակին օտարալեզու դպրոցների բացմանը կողմ հանդես եկողները փորձում էին համոզել, որ մի քանի անգլիալեզու կամ ռուսալեզու դպրոցները որեւէ կերպ չեն կարող վտանգել հայալեզու կրթության ապագան, եւ որ դրա արդյունքում իրենց զավակներին արտասահման կրթության ուղարկող մեծահարուստներն իրենց բալիկներին կկրթեն Հայաստանում` այդ գումարները ծախսելով այստեղ գործող օտարալեզու դպրոցներում: Իհարկե` դժվար է ասել, թե դրանից ինչ կշահի կոնկրետ մեր երկիրը կամ պետական բյուջեն, բայց որ նման ծրագիր իրականացնող օլիգարխի համար դա բավականին եկամտաբեր բիզնես կլինի, միանշանակ է: Խնդիրն այն է, սակայն, որ այստեղ խոսքը միայն բիզնեսի կամ եկամտի մասին չէ: Օտարալեզու դպրոցների ծրագիրը շատ ավելի հեռահար եւ խորքային նպատակ հետապնդող ռազմավարության մի օղակն է միայն, որին իր ուժերի ներածին չափով աջակցում է Սերժ Սարգսյանը: Ընդ որում, միանգամայն անկեղծ համոզումով եւ նվիրումով: Հանրությունն արդեն առիթ ունեցել է ծանոթանալու երկրի նախագահի անունը կրող թոռան ռուսալեզու թոթովանքներին: Փոքրիկ Սերժը, որի վաղվա օրվա մտահոգությունների վերաբերյալ նախագահ պապն այնքան սրտառուչ նամակ էր գրել երգիչ Սերժ Թանկյանին, հաճախում է ռուսական մանկապարտեզ եւ մեծանում է որպես «ռուսկայազիչնի»` երգելով ոչ թե, օրինակ, Կոմիտասի «Լորիկ»-ը, այլ ռուսական «Կատյուշա»-ն: Այնպես որ, նժդեհյան գաղափարախոսությունը դրոշակ դարձրած, իրեն ազգային պահպանողական կուսակցություն համարող ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չի թաքցնում իր նախասիրությունները, եւ բնականաբար, նրա մտքով էլ չի անցնում Ռուբեն Վարդանյանի բիզնես նախագծին ծանոթանալու փոխարեն (կամ գոնե համատեղ) Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում գնալ, օրինակ, սահմանամերձ Բարեկամավան, որի դպրոցը փակման վտանգի առջեւ է, քանի որ նախկին 300 աշակերտներից մնացել է ընդամենը 35-ը: Այդ մասին «Ժողովուրդ»-ն արդեն տեական ժամանակ ահազանգում է, սակայն` անօգուտ: Նույն տխուր իրավիճակն է նաեւ մնացած սահմանամերձ գյուղերի դպրոցներում, որոնց մասին մարզի ՀՀԿ-ական ղեկավարը հիշում է միայն դպրոցների տնօրեններին հանրապետականացնելիս:




Լրահոս