Դատապարտյալները մեծ քանակությամբ հղիությունն ընդհատող դեղահաբ են ներմուծել ու իրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներից բացի՝ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյաները եւս Ֆրանսիայից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել տվել:

Հիշեցնենք՝ դեռեւս 2015 թվականին գրել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բանն այն է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» եւ Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալները Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել, որտեղ արդեն «Հայփոստ» բաժանմունքից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է դրանց կիրառումը:

Նշենք, որ հոգեմետ նյութերը դատապարտյալներին ուղարկվել էր Ֆրանսիայի Լիոն քաղաքից, փոստային առաքումով: Տեղեկացնենք, որ ուղարկվածը եղել էր 218 հատ ամբողջական եւ 5 հատ կոտրված դեղահաբեր, ընդհանուր 86.59 գրամ քաշով, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերով` 1.7318 գրամ ընդհանուր քաշով, բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այս գործարքի բացահայտումից հետո «Կոշ» եւ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից 6 հոգու մեղադրանք էր առաջադրվել: Եւ մինչ այս գործով առաջին ատյանի դատարանում դատական նիստերը շարունակվում են, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նման գործունեությամբ միայն վերոնշյալ ՔԿՀ-ի դատապարտյալները չեն զբաղվել:

Տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալները եւս նման բիզնես են սկսել եւ շատ հեռու գնացել:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ղանդիլյանը, լինելով ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ, որոշել է Ֆրանսիայից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` շուրջ 2.312 գրամ բուպրենորֆին թմրակտիվ բաղադրատարր պարունակող 289 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբ տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, գործը գլուխ բերելու համար նա իր հորեղբոր տղային` Միքայել Ղանդիլյանին ասել է, որ կապ հաստատի Ֆրանսիայի բնակիչ, իրեն ծանոթ Արամ Նազարյանի հետ, որպեսզի վերջինիս միջոցով կարողանան դեղահաբերը Հայաստան բերել:

Այս գործին, բացի դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանից, մասնակցել է նաեւ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Չաբալյանը: Այսպիսով, տղաների ծրագրած գործը գլուխ է եկել եւ դեղահաբերի նշված չափաբաժինը տեղափոխվել է Հայաստան: Երբ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի ցուցումով եղբայրը հանդիպել է դատապարտյալ ընկերոջ՝ Աշոտ Չաբալյանի մտերիմին՝ Արթուր Մարգարյանին, որպեսզի դեղահաբի որոշ մաս հանձնի նրան, ծրագիրը տապալվել է:

Ինչպես նմանօրինակ բոլոր գործերում, այս գործն էլ առանց կանանց «գլուխ չի եկել»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւան քաղաքի բնակիչներ Քնարիկ Գրիգորյանը եւ Սրբուհի Ժամկոչյանը եւս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Քանի որ ծանոթ լինելով դատապարտյալ Տիգրանի հետ՝ կատարել են նրա հրահանգը:
Քնարիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի դրդմամբ թմրակտիվ բաղադրատարր պարունակող թվով 243 դեղահաբերը ապօրինի պահել է իր մոտ եւ հանձնել է Սրբուհի Ժամկոչյանին: Վերջինս էլ այն պահել է Երեւան քաղաքի Թբիլիսյան այգում: Եվ երբ նշված օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ցանկացել է այն հանձնել «Սեւան» ՔԿԸ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի կողմից ուղարկված Երեւան քաղաքի բնակիչ Հակոբ Սայրադյանին, իրավապահների կողմից բերման է ենթարկվել:
Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ սուբոտեքս տեսակի դեղահաբը օգտագործում են կանայք՝ հղիությունը ընդհատելու համար եւ այդ դեղահաբի վաճառքը Հայաստանում արգելված է: Ավելին՝ զրուցելով մի շարք մասնագետների հետ՝ պարզեցինք, որ շատերն են պատրաստ կլորիկ գումար տալ այն քաղաքացիներին, ովքեր կարող են այդ դեղը օտար երկրից Հայաստան հասցնել: Ասել է թե՝ պահանջարկը կա, բայց առաջարկը՝ ոչ:

Ու եթե բուպրենորֆին տեսակի դեղահաբերը հոգեմետ նյութ են համարվում, ինչը դատապարտյալները կարող են օգտագործել իրենց հաճույքի համար, ապա զարմանալի է, թե ինչո՞ւ է ազատազրկվածներին հետաքրքրել սուբոտեքս տեսակի դեղահաբը: Չի բացառվում, որ ՔԿՀ-ի դատապարտյալները որոշել են ՔԿՀ-ում գտնվելով՝ «կլորիկ» գումար աշխատել եւ որոշ մարդկանց «խնդրանքին ընդառաջելով»՝ նրանց համար Ֆրանսիայից դեղահաբ բերել:

Հավելենք, որ գործով անցնող անձինք հասցրել են դեղահաբը տալ այնպիսի մարդկանց, որոնց ինքնությունը իրավապահները չեն կարողացել բացահայտել կամ, միգուցե, ցանկություն չեն ունեցել այն բացահայտել:

Քնար Մանուկյան




Լրահոս