ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Օքսիդենթալ քոլեջի (Occidental College) Հայ ուսանողների ասոցիացիան (ASA) Ջոնսոն ուսանողական կենտրոնում լուռ ակցիա է անցկացրել` ուղղված Հայոց ցեղասպանության մասին
իրազեկվածության բարձրացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է քոլեջի պաշտոնական կայքը:
Մասնակից ուսանողներն իրենց բերանները փակել են ժապավեններով, որոնց վրա գրված են եղել «ժխտում», «արդարություն», ինչպես նաև իրենց սպանված նախնիների անունները: Նրանք նաև պահել են պաստառներ, որոնցով կոչ են արել աշխարհի տարբեր երկրների կառավարություններին չժխտել Հայոց ցեղասպանությունը:
«Մեզ համար կարևոր է փորձել և միավորվել: Որքան ավելի շատ մարդ իմանա այս մասին, այդքան ավելի շատ բան կարող ենք անել մենք: Ես հավատում եմ, որ նոր սերունդը մարդու իրավունքների հարցով ամբողջությամբ այլ մտածելակերպ կունենա»,-ասել է Հայ ուսանողների ասոցիացիայի համանախագահ Լիզա Նաջարյանը: