Նաիրի Զարյանի անվան դպրոցը բողոքարկել է դպրոցների վարկանիշավորման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը, որը 2013­2014 թվականների ուստարվա ընթացքում Հայաստանի դպրոցների վարկանիշավորման արդյունքներով հայտնվել էր 6-­րդ հորիզոնականում, բողոքարկել է այս տարվա արդյունքները,
որով 251-­րդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմումի մեջ նշվում է.

«Հարգելի պարոն Աշոտյան,

Ծանոթանալով դպրոցների վարկանիշավորման 2014­2015 ուստարվա արդյունքներին, ինչպես նաև Tert.am­ին տված Ձեր հարցազրույցին` հետևեցինք Ձեր իսկ խորհրդին՝ փորձեցինք «կարողանալ, հասկանալ, թե որտե՞ղ է դպրոցի խնդիրը, որտե՞ղ է առավելությունը»:

Կրկին ուշադրությամբ վերանայելով վարկանիշավորման համար լրացված ձևաթղթի տվյալները և համեմատելով դրանք նախորդ ուստարվա նույն տվյալների հետ` ներկայացնում ենք Ձեզ մեր բողոքը, քանի որ «վարկանիշից դժգոհելուց բացի» ոչ մի փաստ չարձանագրվեց, որպեսզի կարողանայինք հետևել Ձեր խնդրանքին՝ «դժգոհելու հենց մեր աշխատանքից, հասկանալու, թե որ ցուցանիշով ենք հետ ընկել»:

Առաջին հերթին կարևորում ենք մի հարց, որը պետք է ոչ միայն մտահոգեր, այլ տագնապի ազդանշան լիներ բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են վարկանիշավորման գործընթացով և, մասնավորապես, Ձեզ: Մի՞թե արդյունքներն ամփոփելուց չի արվել համեմատություն նախորդ տարվա արդյունքների հետ և Ձեզ չի՞ մտահոգել արդյոք այն փաստը, որ նախորդ տարվա Երևան քաղաքի դպրոցների շարքում 3­-րդ տեղում և հանրապետության դպրոցների միջև 6­-րդ տեղում գտնվող դպրոցը 2014­-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել է 251-­րդ հորիզոնականում:
Խոսքը վերաբերում է մի դպրոցի, որը վարկանիշավորման համար անհրաժեշտ ցանկացած ցուցանիշով ցույց է տվել աճ՝ աշակերտների թվի, դասարանների քանակի, որակական ցուցանիշի, գերազանցիկների քանակի, գույքի ապահովվածության, Ձեր կողմից այդքան արժևորվող և հատուկ ուշադրության արժանացող մրցույթներում՝ «Կենգուրու»­8, «Մեղու»­8, «Ռուսական արջուկ»­9 դիպլոմակիրների և ֆիզմաթ դպրոցի
կողմից կազմակերպված 6­րդ դասարանցիների էլեկտրոնային մաթեմատիկական օլիմպիադայի հաղթողի, վազքի միջազգային կիսամարաթոնի հաղթողի, շախմատի միջազգային մրցաշարում (Հունաստան) հաղթողի՝ թե՛ թիմային, թե՛ անձնական հաշվարկով, «Նոր Ալիք» մանկական երգի միջազգային մրցույթի դափնեկիր Միքայել Վարոսյանի (Միկա):

Մեր ցանկությունը մեծ է հասկանալու՝ արդյոք սրանք չե՞ն դպրոցների վարկանիշավորման կարևորագույն պայմանները: Եթե այո, ապա խնդրում ենք հանգամանորեն բացատրել, թե որտեղ է այն թերությունը, որի հետևանքով Նաիրի Զարյանի անվան համար130 հիմնական դպրոցը հայտնվել 251 հորիզոնականում, ի՞նչ կարգով է հաշվարկվում վարկանիշը, եթե վարկանիշավորման մեթոդաբանության մեջ նշված կետերին համապատասխան ներկայացված աճած թվերը խայտառակ կերպով իջեցնում են դպրոցի վարկանիշը՝ ստվերելով կատարած մեծ աշխատանքը:

Այս դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞ւ են ծնողները ջանում բերել երեխաներին այս դպրոց կամ տեղափոխել արդեն այլ դպրոցում սովորող երեխային մեզ մոտ ուսումնական տարվա ցանկացած ժամանակահատվածում: Ի դեպ, նշենք նաև, որ դպրոցի աշակերտների ծնողների կարծիքը կարող էր հաշվի առնվել, մանավանդ այն տարբերակում, երբ դպրոցի վարկանիշն ընկել է՝ հայտնվելով 251­-րդ տեղում:

Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար: Երևանի Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցչական անձնակազմ և աշակերտների ծնողներ»:




Լրահոս