ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումայի հետ:
Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ խոսելով Հայաստանի ու Նիդերլանդների միջպետական հարաբերությունների զարգացման մասին՝ առանձնակի կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի հաստատմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում երկու պետությունների պատվիրակությունների փոխշահավետ գործակցությանը:
Նիդերլանդների դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովների միջեւ հնարավոր համագործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության փորձի փոխանակմանը:
Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:
Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը, սիրիական ճգնաժամին, Հայաստան-Իրան համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր: