Ի՞ՆՉ ՍԻՐԱՎԵՊ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ ԱՄՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները հաճոյախոսությունների մակարդակից տեղափոխվել են գործնական հարթակ: ԱՄՆ-ն նպատակադրվել է ցանկացած գնով համոզել Ադրբեջանին համակողմանի աջակցություն ցուցաբերել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործում:
«ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու մասին խոսք լինել չի կարող: Վաշինգտոնը, Բաքվին որպես ռազմավարական գործընկեր ընտրելով, խորամանկում է, քանի որ շահագրգռված է Մերձավոր Արեւելքում ընդլայնել իր ազդեցությունը: Իսկ ինչ վերաբերում է տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր շիկացմանը, ապա դրանք դատարկ խոսքեր են: Գաղտնիք չէ, որ Բաքուն ընդլայնում է իր ռազմական բյուջեն, սակայն ո՞վ թույլ կտա նրան սկսել նոր պատերազմ»,-ասել է ՌԴ ռազմական կանխատեսումների կենտրոնի վերլուծաբան Անատոլի Ցիգանոկը regnum.ru-ին տված հարցազրույցում` հավելելով, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կրկնակի խաղ է խաղում` միջազգային ասպարեզում ցուցաբերելով խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, մյուս կողմից խրախուսում է մարդասպանին:

ՀԱՐՑ. Ադրբեջանն ակնհայտ կերպով կենտրոնացնում է իր ռազմական ռեսուրսները: Կարելի՞ է սա Ղարաբաղի համար պատերազմի նախապատրաստություն համարել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռեւս 1995թ.-ից սկսած՝ երբեք էլ չի բացառվել ղարաբաղյան երկրորդ հավանական պատերազմը: 2005թ.-ին Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկումով սկսվեց ազերիների սպառազինումը: Ադրբեջանը չի թաքցրել եւ չի թաքցնում նոր պատերազմի հավակնությունը: Բայց ցանկացած ձեւավորված ու ծավալով ուժային գործողություններ մեծ վնասներ են հասցնելու առաջին հերթին Ադրբեջանին: Դա նրանք գիտակցում են: Ուստի առայժմ ստիպված են բավարարվել միայն ներքին լսարանին ուղղված հայտարարություններով: Իսկ գերտերությունները լրջորեն մտահոգված են տարածաշրջանային կայունությամբ, այլապես տուժելու են տարածաշրջանում բոլոր շահ ակնկալողները: Նշեմ, որ տարեցտարի տարածաշրջանում մեծանում է անվտանգության սպառնալիքը, իսկ այն, ինչ մենք անում ենք այդ ուղղությամբ, կոչված է ապահովելու ռազմական հավասարակշռությունը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ոչ մի բան չի կարելի բացառել Ադրբեջանի պարագայում: Սակայն վերջինիս այս պահվածքը կարելի է դիտել որպես մեր հասարակությանը լարվածության մեջ պահելու քաղաքականություն, ինչն էլ զգալիորեն խանգարում է մեր երկրի զարգացմանը:

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս