ԱՆԱՐԴԱՐ ԲԱՇԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ.-ին պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է հատկացվել 1992-1994թթ. ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական հրետակոծությունից վնասված տների տերերին: Սահմանամերձ Ոսկեպարի բնակիչներն ասացին, որ 2012թ. գյուղի մի խումբ բնակիչների 200, 400 եւ 800-հազարական դրամ պետական աջակցություն է տրվել: Տավուշի մարզպետարանի կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում տեղադրված է սահմանագոտու հրետակոծված տների տերերին օգնություն տրամադրելու վերաբերյալ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 3 որոշում: 2012թ. մարտի 6-ի մարզպետի թիվ 33-Ա եւ մարտի 20-ի թիվ 35-Ա որոշումները տեղադրված են առանց հավելվածի, այսինքն՝ առանց դրամական աջակցություն ստացածների անունների: Մարզպետի 2012թ. օգոստոսի 29-ի թիվ 72-Ա որոշումն ունի հավելված, այնտեղ, ի թիվս այլոց, նշված են 200-հազարական դրամ աջակցություն ստացած Ոսկեպարի 5 բնակիչների անուններ: Սակայն, ոսկեպարցիների վկայությամբ, օգնության հատկացումը թափանցիկ չի արվել, աջակցությունն անարդար է բաշխվել, եւ ավելի մեծ գումար են ստացել գյուղի այն բնակիչները, որոնց առանձնատները հրետակոծությունից համեմատաբար քիչ են տուժել:
Ոսկեպարի բնակիչ Իշխան Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Օգնության գումարները տվել են այն մարդկանց, ում տներին գնդակ չի դիպել»: Ոսկեպարցի Զավեն Պապյանն էլ հայտարարեց. «Արկը երկրորդ հարկից ընկավ մեր տուն, տանս ավերածություններ էր արել, եկան նկարահանեցին, ոչ մի աջակցություն չեղավ, տանս մի կողմը փլվել էր՝ առաջին հարկի տակ սյուներ եմ խփել, որ տունս չփլվի»: Նույն գյուղի բնակիչ Հայկազ Ալավերդյանը նույնպես արտահայտեց իր դժգոհությունը. «Ում տանը տանիքին 3 հատ շիֆեր է կոտրած, նրան գումար են տվել, իսկ ում տունը փլվել է, ոչ մի կոպեկ»: Իսկ Սերոժ Սեփխանյանն ասաց. «Անասունս ծախել եմ, որ տունս նորոգեմ, իմ անունը հրետակոծությունից տուժածների մեջ չկա, գումարը տվել են նրանց, ում տներին պատրոն էլ չի կպել»: Ոսկեպարի բնակիչ Սերժիկ Ալավերդյանն էլ նշեց, որ իր տունը մեծ չափով տուժել է ռմբակոծությունից, սակայն իրեն ընդամենը 200 հազար դրամ օգնություն է տրվել:
Նկատենք, որ Տավուշի սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, որքան տիրող անարդարության պատճառով: Անարդարություն, որ մարդկանց մեջ հուսահատություն, ապագայի հանդեպ հոռետեսություն է ծնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս