«ԳՐԵՉԿԱՅՈՎ ԵՎ ԽԱՇԱԾ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկները պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ երեկ շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ այդ պահին ընթանում էր կառավարության նիստը: Բողոքող ազատամարտիկներին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չմոտեցավ, բացի կառավարության նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանից:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները մայիսի 11-ից մի քանի օր շարունակ նստացույց էին արել Ազատության հրապարակում՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրանք այդ պահանջները նամակի տեսքով ներկայացրել էին ՀՀ կառավարությանը, սակայն մինչ օրս դեռ հստակ պատասխան չեն ստացել:
Հավելենք նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին հանդիպել եւ զրուցել էր Վ. Ավետիսյանի եւ ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ: Նա ծանոթացել էր ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին եւ համապատասխան հանձնարարականներ տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Երեկվա ակցիայի ընթացքում ազատամարտիկները, իրենց պահանջները բարձրաձայն վանկարկելով, կոչ արեցին սպաներին, զինվորներին եւ քաղաքացիներին միանալ իրենց: Նրանք անընդմեջ վանկարկում էին՝ «պա-տաս-խան», «պա-տաս-խան»:
Նշենք, որ երեկ ազատամարտիկներին միացավ նաեւ «Կարին» երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: «Երկրի արժանապատվությունը իր անկախությունն ապահովող մարդն է, Արցախն ազատագրող մարդն է: Սակայն մենք ավելի քան, կներեք բառիս համար, հաբրգած կյանք ենք ապահովում օլիգարխների համար եւ ավելի քան նսեմ կյանք ենք պարտադրում ազատամարտիկին»,-ասաց նա:
Չնայած կառավարության շենքի առջեւ ազատամարտիկների վանկարկումներին՝ այդպես էլ ոչ մի պաշտոնյա չմոտեցավ նրանց, միայն կառավարության նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը Տիգրան Սարգսյանի անունից Վ. Ավետիսյանին փոխանցեց, որ այսօր հինգ հոգով կհանդիպեն վարչապետի հետ: Այս առաջարկը Վ. Ավետիսյանի կողմից ընդունվեց, բայց մի քանիսը զայրացան՝ ասելով. «Ստում եք: Այդքան շա՞տ էր զբաղված վարչապետը, որ չկարողացավ դուրս գալ: Չենք հավատում»: Իսկ մեկ այլ ազատամարտիկ զայրացած դիմեց Ղազարյանին. «Ես իմ մեկ ամսվա թոշակը տալիս եմ քեզ նվեր, եղա՞վ: Դու քո հինգ օրվա փողը տո՛ւր ինձ»: Նրան միացավ նաեւ մի կին ազատամարտիկ` ասելով. «Ամոթ է, ամոթ»:
Դրանից հետո ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ որոշելու իրենց հետագա քայլերը:
Նստացույցի մասնակից 51-ամյա Շահե Աճեմյանն իր մարտական ուղին անցել է Արցախի հատուկ ուժերի «Խաչակիրների ճակատ» հետախուզական խմբում, սփյուռքահայ ազատամարտիկ է: «Քսան տարի է՝ խոսում ենք այս մասին: Ամեն առավոտ արթնանում ենք ու կոպեկները հաշվում՝ սիգարե՞տ գնենք, թե՞ հաց: Պատերազմը 94-ին վերջացավ, ասում էինք՝ լավ, պատերազմից նոր ենք դուրս եկել, հիմա երկիրն աղքատ է, վաղը լավ կլինի: Բայց տարիներն անցնում են, 30 տարեկանը 50 է դառնում, 40-ը՝ 60: Աշխատանք չունենք, այս թշվառ կյանքից արդեն հոգնում ենք: Ունեմ արիության եւ մարտական ծառայության մեդալներ, բայց հիմա պետությունից ոչ մի կոպեկ չեմ ստանում: Գրեչկայով եւ խաշած կարտոֆիլով ենք ապրում»,-«Ժողովուրդ»-ին իրենց վիճակը ներկայացրեց սփյուռքահայ ազատամարտիկը:
Իսկ Ալվարդ Թադեւոսյանը, որի մարտական անունն է Քոթոթ, իր մարտական ուղին անցել է «Աղբյուր Սերոբ» ջոկատում. «Թոշակը ստանում եմ ու դրանով միայն կոմունալ վարձերն եմ վճարում: Ի վիճակի էլ չենք գնալ, աշխատել: Եղբորս զոհ տվեցի պատերազմի դաշտում, իմ ձեռքերում մահացավ: Այն տարիներին այստեղ տղամարդիկ կանացի շորեր հագած ման էին գալիս, իսկ մենք այնտեղ տաբատ հագած կռվում էինք: Բայց ես այս օրով գումար չունեմ, որ հաց գնեմ»:
Հ.Գ. Այսօր հինգ ազատամարտիկներ պետք է հանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ մյուս ազատամարտիկները սպասելու են դրսում՝ կառավարության շենքի առջեւ: Նրանք այդտեղից շենքից կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետի պատասխանը «իրենց ուզածով լինի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս