«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։ Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը և գնացել տուն։ Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թևը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, և հերթական անգամ թևը դուրս ընկնելուց հետո նա, այլևս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել և գնացել է տուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»: