Վախենում են` թող գնան վախ չափողի մոտ. Մայրապետյանը` պատմական շենքերի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2008 թվականին Երեւանի կենտրոնում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը Կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռք բերած «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին, ծրագրում է այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել:

12662693_993884500692616_6477666689236166442_n

Այդ հատվածում տեղակայված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 4 հուշարձան-շենք: Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, թե դրանց վտանգ չի սպառնում, քաղաքացիները մտահոգություն ունեն, որ կառուցապատման աշխատանքները այդ շենքերը եւս չեն շրջանցի:

12669599_993884484025951_2239335343044831489_n

 

Պուշկինի 4 հասցեի շենքն, օրինակ, կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին: Այն արդեն գրեթե դատարկվել է, բնակիչները լքել են տարածքը: Շենքի մի հատվածում այժմ ապրում են քիչ թվով մարդիկ, որոնց հիմա Ս. Մայրապետյանը ստիպում է վաճառել իրենց բնակարանները: Նույն հասցեի տան նկուղում գտնվում է մեկուկես դար ապրած նախկին գինեգործական մառանը, որը Երեւանի պատմության վերջին վկաներից է:

12728902_993884490692617_1190416203266943304_n

Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում ներառված է նաեւ «Դոլմամա» ռեստորանը: Այս շենքը կառուցվել է 19-րդ դարում: Ավանդույթի համաձայն՝ դրսից ժամանած բարձրաստիճան հյուրերին հենց այստեղ են հյուրասիրում։ Դեռեւս 2015 թվականի մայիսին նույն «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը գույքի սեփականության օտարման պահանջով հայց է ներկայացրել ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի եւ ներկայումս վերջինս դատական գործընթացների մեջ է Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության հետ:

Երեւանի ճակատագրով մտահոգ քաղաքացիները բազմիցս բարձրաձայնել են, որ նշված պատմական շինությունները եւ այլ նմանատիպ կառույցներ քանդման վտանգի տակ են: Թեմայի շուրջ զրուցեցինք Սամվել Մայրապետյանի հետ.

-Պարո՛ն Մայրապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ երեւանցիները Ձեզ համարում են մայրաքաղաքի գլխավոր քանդարար, ասում են` այս քաղաքը ոնց որ իրենը չլինի…

-Դե, սուտ են ասում… Դուք մտնում եք էմոցիոնալ դաշտ: Ոչ ոք ոչ մի բան չի քանդում, ոչ մի այդպիսի պրոցես չկա, քանդման թույլտվություն որեւէ մեկն ունի՞: Որեւիցե մի շենք, որն ինձ հետ առնչություն ունի, քանդման թույլտվություն ունի՞, որի մասին մենք զրուցենք: Չկա այդպիսի բան: Կա դատական պրոցես: Որոշողը դատարանն է. իմ ֆունկցիան չի, ձեր ֆունկցիան չի:

-Եթե շենքերը չեք քանդելու, այդ տարածքը, որ ձեռք եք բերել, ինչպե՞ս եք օգտագործելու:

-Շատ լավ, ոնց որ կա, նույն ձեւի օգտագործելու եմ, ոնց որ մյուս շենքերը, շատ սիրուն բարեկարգվելու են, շատ սիրուն օգտագործելու եմ, քանդման պրոցես չկա… Դրանք սուտ խոսակցություններ են` մարդուն վարկաբեկելու համար:

-Քաղաքի ճակատագրով մտահոգ մարդիկ հաճախ նշում են, որ գերակա շահը դարձել է խաղաթուղթ…

-Գերակա շահն էլ իմ գործը չի, ես անհատ մարդ եմ, ես չեմ կարող պատասխան տալ` գերակա շահը ճիշտ բանա, թե սխալ բանա, ես կարող եմ մասնակցել, շահել տենդերը կամ չշահել: Ինձ իրավունք է տրվել բանակցել մարդկանց հետ, բանակցել ու ձեռք բերել… Ես ընդամենը ձեռք բերող եմ: Պետք է տվյալ բանը ձեռք բերես, հետո ինչ-որ բան կառուցելու մասին ցանկություն հայտնես, իսկ հետո քննարկեն` թողնել, թե ոչ. ես հողի կամ շինության սեփականատեր չեմ:

-Ուզում եք ասել` արժեքավոր, պատմական շենքեր քանդելու դեպքում պետք է կառավարությա՞նը բողոքել, ոչ թե Ձե՞զ:

-Այո՛, երբ որ կքանդվի, կթողնեն քանդել, ես էլ կքանդեմ, այդ ժամանակ բողոքները կլինեն հասկանալի, բայց ո՛չ թույլտվություն կա, ո՛չ էլ քննարկում է եղել:

-Գուցե մարդիկ արդեն չեն հավատում նմանատիպ հավաստիացումներին, այսպես ասած, նրանց «տառապանքը փորձ ունի»…

-Եթե փորձ ունեն, ինձ հետ թող չկապեն, այդ փորձը թող ինձ վրա չտարածեն, ես հայտնի եմ ոչ թե նրանով, որ քանդում եմ, այլ որ կառուցում եմ:

-Մարդիկ վախենում են, որ հերթական պատմական, կոլորիտային շենքերը կքանդվեն…

-Վախենում են, թող գնան վախ չափողի մոտ, ի՞նչ կապ ունի վախենալը ինձ հետ: Ես ձեռք բերող եմ, ուրիշ իրավունք ինձ տրված չի:

-Դե, հենց վախենում են, որ քաղաքապետարանը Ձեզ այդ շենքերը քանդելու լիազորություն կտա:

-Դե, երբ որ թույլ կտա, էն ժամանակ կխոսենք, հիմա ինչո՞ւ ենք խոսում այդ մասին:

-Որովհետեւ հետո արդեն ուշ է լինում…

-Որ ուշ է լինում, դա ուրիշ խնդիր է, ինձ հետ դա մի կապեք…

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի համար անհասկանալի է` եթե, օրինակ, Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքը չի քանդվելու, ի՞նչ նպատակով է Մայրապետյանը ստիպում բնակիչներին վաճառել իրենց տունը: Նույն հարցը ծագում է «Դոլմամա» ռեստորանի դեպքում. «Նշանակում է` Մայրապետյանն ուզում է ռեստորանը նախկին սեփականատերերից խլե՞լ, այստեղ ո՞րն է հանրային շահը. սեփականատեր փոխե՞լը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նա` հավելելով, որ իր հիշողությունները թարմ են նաեւ հրշեջների շենքի մասով. «Պուշկինի կողմից այն բնակելի շենք էր, գերակա շահի պատրվակով, ցածր փոխհատուցմամբ դուրս հանեցին բնակիչներին»:

Նրա խոսքով` Մայրապետյանի քայլերի դեմ բողոքելով` ինքը բողոքում է այն մարդկանց դեմ, որոնք տվել են նրան համապատասխան արտոնություններ. «Ստեղծվել է հանցավոր բանդա` կառավարության, քաղաքապետարանի, թաղապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ Մայրապետյանը լավ ձեւը գտել է` ասելով` ես մեղավոր չեմ, իրենք են մեղավոր…»:

Իսկ, ահա, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Սամվել Մայրապետյանին թիրախ դարձնելը ճիշտ չէ. «Կառավարությունն է քանդում ու իր որոշումների արդյունքում ոչնչացնում պատմամշակութային հուշարձանները. Սամվելը չլինի, Պողոսը լինի. խնդիրը անձի մեջ չի»: Նրա համոզմամբ` երբ որեւէ տարածք ճանաչվում է հանրային գերակա շահ, կառավարությունը պետք է կառուցապատողի առջեւ այդտեղ առկա հուշարձանները պահպանելու եւ դեռ վերականգնելու պայման դնի. «Կառուցապատողները տարածքները հիմնականում վերցնում են, որ բնակարան կառուցեն, վաճառեն, շահույթ ստանան, հյուրանոց կառուցեն… Այսինքն` հանրային շահ չկա, բիզնես նպատակներ են. կառավարությունը բիզնես է անում»,-եզրափակեց նա:

Լուսանկարները` civilnet.am-ի, henaran.am-ի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս