ՌԴ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Հալեպը ռմբակոծելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հալեպ քաղաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից 2 հիվանդանոց է ռմբակոծվել: Ռուսաստանը մեղադրում է Միացյալ Նահանգներին ռմբակոծությունների մեջ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես և խոստացել էինք մեր ամերիկացի գործընկերներին, տեղեկատվություն չենք թաքցնելու: Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 13.55-ին Թուրքիայի տարածքից Սիրիայի օդային տարածք է ներխուժել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ա-10» 2 ինքնաթիռ և ռմբակոծել քաղաքը»,-ասել է Կոնաշենկովը:

Գեներալ-մայորը հիշեցրել է, որ նախօրեին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Սթիվեն Ուորրեն Իրաքում հայտարարել է, որ իբր ռուսական ինքնաթիռներն են ռմբակոծել հիվանդանոցները, սակայն ոչ մի փաստարկ չի ներկայացվում:

«Նրա խոսքով, իբր, 50 հազար սիրիացի զրկվել են կենսապես անհրաժեշտ ծառայություններից: Մի բան է, երբ նման անհեթեթություն են հայտարարում լոնդոնյան իրավապաշտպան ակտիվիստները, մեկ այլ բան է, երբ նման հայտարարությամբ հանդես է գալիս Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը»,-հավելել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս