ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ բարձրացրեց գազի գնի բարձրացման պայմանագրի ստորագրման օրվա հարցը:
Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրել գազի գնի բարձրացման պայմանագիրը: Ի պատասխան՝ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե չի հիշում ստորագրման օրը: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. “Գոնե ամիսն ասեք”: “Հիմա ասեմ՝ կասեք՝ մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ ա ասել”,- հակադարձեց նախարարն ու խոստացավ, որ երբ կոնկրետ օրն իմանա՝ այն կհրապարակի:
Արամ Մանուկյանն էլ խոսեց հարցի ենթատեքստի մասին ու շեշտեց, որ գազի գինը թանկացել է դեռ նախագահական ընտրությունների ժամանակ՝ փետրվարին, ինչը Կառավարության կողմից թաքցվել է:
168 .am