Պահանջում են դադարեցնել Մեղրիում հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Մեղրիի տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու առթիվ:
Բաց-նամակում, մասնավորապես, ասվում է.
“Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրիի տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների եւ բնապահպանների շրջանում:
Մենք կարծում ենք, որ անառարկելի է միեւնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման անհամատեղելիությունը, որը կարծեք անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը, կառավարությունն առնվազը  պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության  զարգացումը տարածաշրջանի բնակչության եւ պետության համար առհասարակ:
Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները եւ շահագործումը իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր եւ խոշոր գյուղատնտեսներին, այլ նաեւ Հայաստանում եւ արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին:
Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց, մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, տեղաբնակների` միջազգային պայմանագրերով եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը եւ ազգային ժողովին ներկայացնելու նպատակով ,Կայուն զարգացումե ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցները իրենց դիրքորոշումը արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի եւ մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին եւ դրանց հնարավոր շահագործմանը:
Հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում  հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման  աշխատանքները եւ կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը”:
Նամակի հետ ներկայացված են ստորագրահավաքի արդյունքները (100 թերթ):




Լրահոս