ԵԹԵ ԻՄ ԴԵՄ ԲԱՆ ՈՒՆԻ, ԻՐԵ՛Ն ՀԱՐՑՐԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը չի կարող ասել՝ ինքը քրեական պատասխանատվություն կկրի, թե ոչ: Նա վստահ է մի բանում՝ բոլոր նրանք, ովքեր Արարատի մարզում թույլ են տվել չարաշահումներ, կպատժվեն խստագույնս: 
Հիշեցնենք, որ Արարատի մարզից ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ “Արարատի մարզում գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը տեղ չի հասնում”: Պայմանական 100 լիտր դիզվառելիքից գյուղացուն հասել է ընդամենը 1 լիտրը: 
Իսկ ո՞վ է պատասխանատու Արարատի մարզում գրանցված քրեորեն պատժելի այս արարքի համար: Ստեղծված իրավիճակի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, այն, ինչ հայտարարել է Արարատից ընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանը, քրեորեն պատժելի արարք է. ըստ էության, գողություն է կատարվել: Ո՞վ է պատասխանատու դրա համար:
-Ինքը պատգամավոր է, ինչ ուզում է ասի, ես իր հայտարարությանը չեմ անդրադառնում: Սակայն Ձեզ կասեմ, որ ֆինանսների նախարարության տեսչությունն այս օրերին ուսումնասիրություններ է կատարում՝ Արարատի մարզի դիզելային վառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման հետ կապված, եւ այդ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
-Հնարավո՞ր է՝ անձամբ քրեական պատասխանատվության ենթարկվեք:
-Չեմ կարող ասել՝ կկանգնենք, թե չենք կանգնի, ստուգումները վերջանալուց հետո պարզ կլինի:
-Ո՞վ է այդ գործընթացի հիմնական պատասխանատուն: Եթե պարզվեց, որ մարդկանց վառելիքը եւ պարարտանյութը տեղ չի հասել, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: 
-Մարզպետարանը եւ համապատասխան վարչություններն են այս հարցում հսկողություն իրականացնում, բայց հիմնականում համայնքի ղեկավարներն են ստանում եւ այն բաշխում:
-Կարո՞ղ է՝ առաջիկայում համայնքի ղեկավարների ազատման դիմումների մասին էլ լսենք:
-Չեմ կարող ասել:
-Կարծում եմ՝ գիտեք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Չե՞ք վախենում, որ Դուք էլ այդպիսի խնդրի առաջ կկանգնեք:
-Չեմ կարծում, որ որեւիցե մարզպետ դիզելային վառելիքի կամ, առհասարակ, ազոտական պարարտանյութի հետ կապված չարաշահում թույլ տա:
-Իսկ կոնկրետ ե՞րբ կավարտվի ֆինանսների նախարարության հետազոտությունը:
-Չեմ կարող ասել:
-Վստա՞հ եք, որ լուրջ չարաշահումներ չեն հայտնաբերվի:
-Ես վստահ չեմ, որ չեն գտնի, բայց վստահ եմ մի բանում, որ այն պաշտոնատար անձինք, ովքեր նման բան են թույլ տվել, պետք է պատժվեն խստագույնս եւ արժանի պատիժը ստանան: 
-Իսկ եթե այս ամենը Ձեր դեմ է ուղղված, եւ վառելիքի պատմությունն ընդամենը պատրվա՞կ է: Միգուցե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Արարատի մարզում իր հարազատներից մեկին մարզպետ նշանակել, եւ սկսել են չարաշահումներից խոսել: Կհամաձայնեք, որ սա Հայաստանում ընդունված պրակտիկա է:
-Առաջին իսկ օրից, ինչ ես նշանակվել եմ Արարատի մարզպետ, Հովիկ Աբրահամյանը միշտ էլ փորձել է ինձ օգնել, որպեսզի մենք կարողանանք այնպես անել, որ բնակչության կողմից դժգոհություններ չլինեն:
-Այսինքն՝ վստահ եք, որ նա աչք չունի Արարատի մարզպետի աթոռին:
-Ինձ օգնելուց բացի, որեւիցե անգամ մեր միջեւ տարաձայնություններ չեն եղել:
-Լավ, այդ դեպքում Արարատից ընտրված իշխանական պատգամավորը Ձեր դեմ ի՞նչ ունի, եթե ամեն ինչ այդքան մաքուր է:
-Ես իր դեմ ոչինչ չունեմ, եթե ինքն իմ դեմ բան ունի, իրենի՛ց հարցրեք: Ես մի բան կարող եմ ասել, որ չեմ անհանգստանում պատգամավորի հայտարարությունից եւ, առհասարակ, անհանգստանալու բան չունեմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 556 համար




Լրահոս