Իշխանության ներսում երիտասարդ ու ավագ սերունդների կռիվ է հասունացել. երիտիշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն ՀՀԿ-ից առանձին ընկալեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական բուրգի երիտթեւը չի պատրաստվում նահանջել ողջ իշխանությունը գրավելու իր ծրագրից, պարզապես նախնական տարբերակը որոշակի խմբագրական փոփոխությունների է ենթարկվել:

Ինչպես հայտնի է՝ քաղաքական դաշտում երիտթեւը ընկալվում է իբրեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմ: Մինչեւ անցած տարի ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը իշխանական բուրգի տարեց թիմին կհամոզի «թոշակի» գնալ՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին: Սակայն, երբ անցած տարվա դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց, որ իր ապագայի մասին կխոսի 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո, հասկանալի դարձավ, որ իրավիճակը կտրուկ փոխվել է: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանին չէր հաջողվել տարեցներին համոզել զիջելու դիրքերը եւ նա որոշել էր անձամբ կազմակերպել ու իրականացնել գործընթացը:

Արդյունքում երիտթեւն այլեւս հանդես է գալիս հենց այդպես՝ «նախագահի թիմ»: Այլ կերպ ասած՝ երիտասարդները բոլոր տեսակի շփումներում պնդում են, որ իրենց հետագա ճակատագրի հետ կապված բոլոր որոշումներն անձամբ շեֆն է կայացնելու: Եւ լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետողները՝ երիտիշխանավորները տարեցների կողմից արված արտահայտություններն ընկալում են իբրեւ հարձակում ու այն մատուցում իբրեւ Սերժ Սարգսյանի դեմ ոտնձգություն: Փոխարենը երիտիշխանավորներն ազատ են իրենց մրցակիցներին գնդակոծելու եւ ասպարեզից հեռացնելու հարցում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրա թիմին «վնասազերծելու» խնդիրը երիտիշխանավորները պետք է լուծեն մինչեւ այս տարվա վերջ: 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ այդ խնդիրը լուծելով՝ նրանք հրապարակային չեն հայտարարի, բայց իշխանությունների տապալման ողջ մեղքը ներքին կարգով կբարդեն Աբրահամյանի եւ նրա թիմի ուսերին:

Այս երեւույթի դրսեւորումները լրատվական դաշտում արդեն իսկ նկատելի են: Երիտթեւի լրատվամիջոցները կառավարության եւ հատկապես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը քննադատող հրապարակումներով են սկսել հանդես գալ:
Երիտիշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն ՀՀԿ-ից առանձին ընկալեն: Սա իրականում մոլորություն է, եւ դրա տարածողները հենց նույն այդ երիտիշխանություններն են, որոնք ամեն կերպ փորձում են իրենց տարանջատել գործող իշխանական համակարգից, որպեսզի խուսափեն Հայաստանում առկա վիճակի համար պատասխանատվություն կրելուց: Իրականում երիտթեւը առավել քան ընդգրկուն մի համքարություն է, որն իր մեջ է ներառում վերջին հատկապես 15 տարիներին իշխանական համակարգի աճեցրած «երիտասարդ» կադրերին: Նրանց մի մասը վաղուց ՀՀԿ անդամ է, մյուս մասն էլ դեռեւս սպասում է կուսակցական դառնալու հրահանգին:

Իշխանական բուրգում վաղուց հասկացել են, որ Հայաստանում վաղ թե ուշ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու: Երիտթեւը տարեցներին փորձել է համոզել, որ այդ փոփոխությունն իրենք նախաձեռնեն եւ իրականացնեն: Իհարկե, իրականում այդ փոփոխությունները կոսմետիկ բնույթ կկրեն, բայց մինչեւ Հայաստանի հասարակությունը դրանում համոզվի, տարիներ կանցնեն:

Այդ ժամանակն իշխանական վերնախավին հնարավորություն կտա պետությունից գողացված միջոցները «մարսել»: Այսինքն՝ ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ երբ 10 կամ 15 տարի հետո Հայաստանում իրական քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, բուն թալանչիներից շատերն արդեն կենդանի էլ չլինեն: Իսկ նրանց ժառանգները կհայտարարեն, որ իրենց միլիոնները «պապից» են ժառանգել, բայց չեն կարող ասել, թե նրան որտեղից այդ հարստությունը:

Իշխանության տարեց դեմքերն այդ ծրագրի իրագործմանն առանձնապես չեն հավատում, քանի որ համոզված են, որ եթե իրենք մի կողմ քաշվեն, ապա «ջահելները» ավելի շուտ իշխանությունը կհանձնեն, քանի որ կառավարման համակարգի նրբություններին չեն տիրապետում: Եւ միայն օսլայած մազերով անգլերեն խոսելը դժվար թե օգնի իրավիճակը շտկել, կառավարելի դարձնել:

Եւ հիմա իշխանության ներսում երիտասարդ ու ավագ սերունդների կռիվ է հասունացել: Կոալիցիոն հակամարտությունից հետո այն թերեւս լրջության այլ մակարդակի կհասնի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս