«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով նոր հողահատկացումներ կատարել մասնավոր գերեզմանատների եւ հուղարկավորության համալիրների կազմավորման համար: Ինչպես ասում են` բոլոր խաղերը խաղացել էին, մնացել էր «սարի սմբուլը»: Սակայն այս հարցը միայն առաջին հայացքից կարող է թվալ ոչ այնքան արդիական կամ ոչ այնքան կարեւոր: Գաղտնիք չէ, որ հուղարկավորության ծառայությունը ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է, եւ հայտնի իրողություն է, որ խորհրդային տարիներին «թաղման բյուրոյի» ղեկավար նշանակվելու համար ավելի շատ կաշառք էին տալիս, քան անգամ «մինիստրի» պաշտոնի դեպքում: Ուստի, ամենեւին էլ պատահական չէ, որ այսօր այդ հարցը փորձում է իր քաղաքական տանիքի ներքո առնել «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նախագծի հրատապությունը երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մենք ընդամենը ուզում ենք մրցակցության դաշտ ստեղծել հուղարկավորության ծառայությունների մեջ: Մենք մեր ռաբիս տեսանկյուններից պետք է դուրս գանք: Ես դեմ եմ, որ ինչ-որ մարդկանց ախորժակները հանկարծ բացվեն: Եկե՛ք խումբ կազմենք ու գնանք գերեզմաններ, տեսնենք` ինչ է այնտեղ կատարվում»: Թե ինչ նկատի ունի տիկին Բիշարյանը` «ռաբիս տեսանկյուններ» ասելով, պարզ չէ, սակայն փոխարենը միանգամայն հստակ է, որ լսումներին մասնակցող «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի մտավախությունը, թե մասնավոր գերեզմանատների բացումը հանգեցնելու է «էլիտար եւ բոմժ դիակների» տարբերակմանը, առավել քան տեղին է: Քանի որ անգամ ներկայիս ընդհանուր գերեզմանատներում ակնհայտորեն տարբերվում են փողատիրոջ եւ աղքատի գերեզմանները, իսկ քաղաքային պանթեոնն էլ վաղուց արդեն վերածվել է մի յուրoրինակ «էլիտար գերեզմանոցի», որտեղ վաստակաշատ մտավորականների եւ գիտնականների համեստ գերեզմաններից ավելի շատ են փողատեր «էլիտարների» մարմարապատ դամբարանները: Իսկ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն պնդումները, թե «այս ոլորտում մրցակցությունը կբերի ոլորտի առողջացմանը եւ հանգուցյալի հարազատներին ավելի լավ սերվիս կմատուցվի», ըստ էության նշանակում են պանթեոնում առկա իրավիճակն օրինականացնել, ինչի արդյունքում, ի դեպ, գուցե եւ քաղաքային պանթեոնն այլեւս չծանրաբեռնվի փողատերերի դիակներով: Ամեն դեպքում, երեկվա լսումներում իշխանության որոշ ներկայացուցիչների, մասնավորապես Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի դիրքորոշումից, պարզ դարձավ, որ այս նախագիծը դժվար թե կարճ առաջիկայում իրականություն դառնա` շատ պարզ պատճառով. գերեզմանների բիզնեսը չափազանց «յուղոտ կտոր» է, որպեսզի հենց այնպես, առանց քվոտավորելու եւ մինչեւ վերջին գերեզմանատունը կանխավ իրար մեջ բաժանելու` օրենսդրական նախագիծ ընդունեն, այն էլ` ՕԵԿ-ի ներկայացմամբ:
ԳԵՐԵԶՄԱՆԱԿՌԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ