«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ իշխանության ողջ վերնախավը, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների ղեկավար կազմը, այսօր՝ երեկոյան 17:00-ին, հավաքվելու են նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի կոալիցիոն ուղերձն ունկնդրելու համար: Իսկ մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն սկսել են դժգոհել ՀՅԴ-ի հետ մերձեցումից:
ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար: Հնաբնակ ՀՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենց հաջողվի այնպես անել, որ կոալիցիոն սկզբունքով նշանակված դաշնակցական նախարարները ձախողվեն, ապա Սերժ Սարգսյանը իրենց կվերաարժեվորի: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են, թե երբ են դաշնակցական նախարարները նշանակվելու, որպեսզի նրանց դեմ աշխատեն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՅԴ-ին հանձնվող նախարարությունների հայեցողական պաշտոնյաներին հանձնարարվել է հրաժարական չտալ, որպեսզի նոր նախարարները ստիպված լինեն ազատել ՀՀԿ-ականներին: Իսկ նման քայլը կներկայացվի իբրեւ նոր դաշնակցի կողմից արված ոչ գործընկերային քայլ՝ այստեղից բխող հետեւանքներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: