ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը շատ «թեժ» է եղել: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը լուրջ վիճաբանել են, ինչի արդյունքում Ջհանգիրյանը նիստից հեռացել է:
Մեր տեղեկություններով` վիճաբանությունը ծագել է նիստի հենց սկզբում, երբ փորձել են որոշել, թե որ հարցն է արդիական ու հրատապ: Կ. Նահապետյանն իր թեման է առաջարկել, Գ. Ջհանգիրյանն էլ ասել է, թե իր համար այլ հարց է կարեւոր: Սկսված լեզվակռիվը վերածվել է լուրջ վիճաբանության: Գ. Ջհանգիրյանն ասել է, թե Ազգային ժողովը վերածել են մանկապարտեզի, ներկա-բացակա են անում, իրենց աշխատավարձերից են «պահում»: Նրանք  15-20 րոպե լուրջ վիճաբանել են: Իսկ հանձնաժողովի մյուս անդամները ստիպված են եղել հետեւել այդ վիճաբանությանը` հուսալով, որ այն կավարտվի: Սակայն Գ. Ջհանգիրյանն այնքան է վրդովվել, որ լքել է նիստերի դահլիճը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կորյուն Նահապետյանի հետ: Սակայն վերջինս շատ վրդովված էր  ու ոչ մի կերպ չէր ցանկանում պատմել, թե ինչու է վիճաբանել Ջհանգիրյանի հետ, եւ ինչից է առաջացել իրենց տարաձայնությունը: «Ես մի անգամ ասել եմ, որ շատ լավ կլինի, եթե տարբեր լրատվամիջոցներ գան, հանձնաժողովի նիստերը լուսաբանեն, եւ կարծում եմ` հանձնաժողովի անդամներն էլ առավել զգոն կլինեն իրենց գործելակերպում: Ուրեմն տարաձայնություններ կարող են լինել ցանկացած նախագծի շուրջ՝ բովանդակային եւ ոչ բովանդակային, դրա համար, որպեսզի լրատվամիջոցներն իրազեկված լինեն, պետք է լուսաբանվի նաեւ նիստը: Ես կարծում եմ, որ եթե լրատվամիջոցները մասնակցեն նիստերին, ապա առանձին պատգամավորները, որոնք փորձ են անում միայն լրատվամիջոցների ներկայությամբ իրենց վարքագիծը կառուցել՝ այսպես կոչված, ընդդիմադիր հակում ունեցող, արդեն լրատվամիջոցների ներկայությամբ իրենց կփորձեն ավելի զուսպ եւ հավասարակշիռ պահել: Իսկ տարաձայնություններ կարող են լինել ցանկացած հարցի քննարկումների ընթացքում»,-նշեց Կ. Նահապետյանը:
Իսկ Գագիկ Ջհանգիրյանն ընդհանրապես հրաժարվեց մեզ հետ զրուցել: «Չէ՛, չէ՛, որեւէ մեկնաբանություն չունեմ»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս