ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՏՐՎԵՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում միաձայն որոշում կայացրեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին. հուլիսի 1-ից գազի 1 խմ-ի համար բնակչությունը պետք է վճարի 156 դրամ` ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը հուլիսի 1-ից կդառնա 38 դրամ` 30 դրամի փոխարեն: ՀԾԿՀ այս որոշումը, իհարկե, միանգամայն սպասելի էր, քանի որ սակագների բարձրացման մասին քաղաքական որոշումը կայացվել էր ավելի շուտ, պարզապես երեկ այն ստացավ իրավական տեսք:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ՀԾԿՀ երեկվա նիստում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նաեւ հայտարարեց, թե իրենք հաշվարկել են ԱԳԼՃԿ-ներում գազի սակագնի փոփոխությունը, եւ սակագինը մեկ խմ-ի համար կավելանա 11 դրամ: Ըստ Ռ. Նազարյանի` դրա հետեւանքով, հնարավոր է, 5 տոկոս թանկանա նաեւ տրանսպորտը: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն իր բացասական հետեւանքներն է ունենալու սոցիալ-տնտեսական վիճակի վրա. առաջիկայում կթանկանան գրեթե բոլոր ապրանքատեսակներն ու ծառայությունները, կարելի է ասել, առանց բացառության: Եվ սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում սպառնում է դառնալ պայթյունավտանգ: Մանավանդ որ դրա համար կան նաեւ այլ նախադրյալներ. մայիսին տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով նախ քիչ կլինի բերքը, իսկ եղածն էլ կլինի բավական թանկ: Ու եթե նախորդ տարի կարելի էր սփոփիչ համարել մրգի եւ բանջարեղենի գնի մատչելի լինելը, ապա այս տարի մարդիկ կզրկվեն նաեւ դրանից:

«ՀՈՐՍ ԱՐԵՎ» ԿԱՄ «ԱԶՆԻՎ-ՊԻՈՆԵՐԱԿԱՆ» ՇԱՐՔԻՑ

Հանձնաժողովի երեկվա նիստից հետո ե՛ւ Ռոբերտ Նազարյանը, ե՛ւ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը վստահեցրել են` գազի սակագնի վերաբերյալ լինելու է 30 տոկոս սուբսիդավորում: Իսկ թե որտեղից են ճարելու սուբսիդավորման գումարները, կոնկրետ ում են սուբսիդավորելու եւ որքան ժամանակ՝ մնում է անհայտ: Երեկ Ռ. Նազարյանը հայտարարել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանից իրենք ստացել են սուբսիդավորման մասին փաստաթուղթ. «Գրության մեջ այդպես էլ գրված է, որ այդ 30 տոկոս սուբսիդավորումը, մեխանիզմները  եւ աղբյուրներն այս պահին քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հետ: Բանակցություններն ավարտելուց հետո անպայման կտեղեկացվի ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը: Եվ վարչապետի այդ պաշտոնական գրությունը մենք ընդունել են ի գիտություն, ի ղեկավարում եւ նաեւ ի կատարում: Այս սուբսիդավորման մեծությունը, այս փոխհատուցման մեծությունը ոչ թե լինելու է մեր կառավարության, բյուջեի միջոցների հաշվին, այլ սա հենց այն բանակցություններն են, որ երկար շարունակվում են»: Այսինքն` ստացվում է հետեւյալը. ՀԾԿՀ-ն հանգիստ խղճով, առանց բնակչության մասին մտածելու բարձրացրել է գազի սակագինը, քանի որ վարչապետը 30 տոկոս սուբսիդավորելու մասին գրություն է ուղարկել ու «ազնիվ խոսք տվել», որ միեւնույն է` մի տեղից կգտնեն այդ գումարները: Եվ Ռ. Նազարյանի հանձնաժողովն էլ, փաստորեն, հավատացել է այդ խոսքին: Միայն թե, վարչապետի տված խոստումն առավել քան անորոշ է. հստակ մատնանշված չէ, թե որտեղից է կառավարությունը հայթայթելու 30 տոկոս սուբսիդավորման գումարը, եւ չի բացառվում բանակցությունների տապալումը:

«ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ» ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը հաջորդեց ՀՀ կառավարության նիստին, որտեղ հայտարարվել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Կառավարության որոշման համաձայն՝ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 10 հազար դրամով` նախկին 35 հազարի փոխարեն դառնալով 45 հազար դրամ: Սակայն ակնհայտ է, որ իրականում այս որոշումը որեւէ կերպ չի ազդելու մարդկանց աշխատավարձերի, այդպես նաեւ` կենսամակարդակի վրա: Որեւէ մեկի աշխատավարձը հուլիսի 1-ից կառավարության որոշման հետեւանքով չի բարձրանալու, որովհետեւ որոշումը վերաբերում է նվազագույն աշխատավարձին: Այսինքն` այդպես իշխանությունը պարտադրում է գործատուներին՝ աշխատողներին 45 հազար դրամից պակաս աշխատավարձ չվճարել (այլ բան, եթե կառավարությունը բարձրացներ միջին աշխատավարձը, բայց դա էլ կվերաբերի միայն պետական հատվածին, քանի որ գործատուին նա նման պահանջ չի կարող առաջադրել): Կառավարությունն իր վերջին որոշումն ընդունել է երկու նպատակով. մի կողմից իշխանական քարոզչամեքենան փորձում է «նվազագույն աշխատավարձի բարձրացում» բառակապակցությամբ մարդկանց գիտակցության վրա ազդել ու ցույց տալ, թե իշխանություններն օրնիբուն մտածում են ժողովրդի մասին, այլ կերպ ասած` այդպես էժանագին դիվիդենտներ են շահում: Բացի այդ, նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ բարձրանալու է գործատուների հարկային բեռը: Այսինքն` առաջիկայում մանր ու միջին ձեռնարկատերերն ավելի շատ հարկ են մուծելու պետական բյուջե: Թե հարկային այս խստացումն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, այլ խոսակցության թեմա է:
Հայաստանում մի ուրվական է շրջում, սոցիալական բունտի ուրվականը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս