ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՔՐ ՈՒԺԵՐՈՎ` ՄԵԾ ԽՆԴԻՐ
«Հայաստանը ստիպված է ներկա ռազմաքաղաքական իրավիճակում սահմանափակ ռեսուրսներով արդյունավետ միջոցներ ստեղծել: Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը մեր գործողությունների հիմքում է»,-Ադրբեջանի հետ սահմանագծին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ Հայաստանը մտածում է ճշգրիտ հեռահար միջոցներ ունենալու, դրանք ժամանակակից ավտոմատ կառավարման կապի միջոցներով համալրելու մասին, ինչը հնարավորություն կտա լիարժեք հակադրվել այն միջոցներին, որն ունի հակառակորդը:

Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐՈՎ ԵՆ ՊԱՀԵԼ
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը գրավոր հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պարզելու, թե ինչ հիմքերով են Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցած պատգամավորների աշխատավարձից պահումներ արել. «Եթե կասեն, որ, այո՛, հատուկ նիստից բացակայելու համար են պահել, ապա ես պատրաստվում եմ դիմել դատարան, որովհետեւ հատուկ նիստին եւ ԱԺ նիստերին գնալ-չգնալու համար մենք ունենք իրավունք»:

ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ԵՐԵՍ ՉՈՒՆԻ
Երեկ Հանրապետության 33 հասցեի բնակիչները, որոնց տները «Գլենդել հիլզ»-ը 7 տարի առաջ քանդել է` առանց փոխհատուցում տալու, հավաքվել են ՀՀԿ գրասենյակի առջեւ`  բողոքի իրենց խոսքը ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցող Սերժ Սարգսյանին փոխանցելու։ Սակայն բնակիչներին չի հաջողվել տեսնել Ս. Սարգսյանին, քանի որ նա կուսակցության գրասենյակ է մտել հետնամուտքից։

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել են ներքաղաքական, տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը: «Գործը գտնվում է նախաքննության փուլում, եւ անկախ դիրքից ու պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության ենթարկվի,-նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դեռեւս Սյունիքի նոր մարզպետի թեկնածության հարց չեն քննարկել,-որեւէ նշանակման հարց չի քննարկվել»: Շարմազանովը տեղեկացրել է, որ հավանական թեկնածուներից գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի զարմիկը չէ, ինչպես նշել էր լրատվամիջոցներից մեկը:

ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵՑ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին, հանդիպմանը մասնակցել է նաեւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը։ Վարչապետը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, նրանց հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները եւ դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:




Լրահոս