«Մաթեւոսյանը աչքի, ձեռքի շարժումով էլ խոսում էր…» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. եւ այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»,- սրանք արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն են: Նրա առաքինության ու մյուս որակների մասին խոսելիս կա՛մ պետք է լինել գրողի պես դիպուկ, կա՛մ էլ լռել այն լռությամբ, որը բնորոշ էր հենց իրեն, սակայն այսօր` փետրվարի 12-ին, նրա ծննդյան օրը, չխոսել նրա մասին չենք կարող, իսկ ամենափոքր բանը, որ հնարավոր է անել, գրողի մասին հիշողություններով կիսվելն է:

Արձակագիր, կինոսցենարիստ լինելուց զատ՝ Մաթեւոսյանը նախ ահնիձորցի էր, մարդ էր, ամուսին ու ընտանիքի հայր: Գրողի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանկությունից «պոկված» մի դրվագ հիշեց` փոքրիկ, բայց խոսուն. «Ցերեկները հաճախ էր պատահում, որ մենք` երեխաներս, եւ ինքը լինեինք տանը: Մաման դպրոցում ուսուցչուհի էր, ուշ էր գալիս, իսկ ինքը տանից էր աշխատում: Պարզ է, որ մենք իր աշխատանքին խանգարում էինք, մանավանդ, որ բնակարանը փոքր էր: Մեզ ինքն էր կերակրում, շատ համով ձեռք ուներ, համեղ ճաշեր էր պատրաստում, տարբեր խոհարարական հնարքների էր դիմում: 5-6 տարեկան էի, մի անգամ դուրս եկա բակ, մուտքի մոտ նստած էի, հետեւիցս արագ-արագ իջավ, կտրտած լոլիկի կեսի վրա աղ արեց, ասաց` էս կեր, վերջում շատ ճիշտ համ կտա… Ու գնաց իր գործին… Այդ հոգատարությունն իր կողմից միշտ զգացել ենք»:

2

Գրողի որդու խոսքով` իր հայրը գյուղացու կենցաղին շատ մանրամասն ծանոթ էր. «Նա գիտեր` ինչպես են հունձ անում, հորից հյուսնություն էր սովորել, բուրդ մանել գիտեր: Երբ փոքր էի, մի անգամ նույնիսկ ինձ պատմեց, թե ինչպես են գորգ գործում, այդ ժամանակ իմացա, որ դրանից էլ է տեղյակ: Կամ գյուղից որ Նոր տարվա համար անտառի խոզի միս էին բերում, բոլորին «քշում էր», չէր թողնում` մոտ գային, ինքն էր մշակում մեն-մենակ»: Եվ պատահական չէ, որ Մաթեւոսյանն ասում էր. «Եթե կրկնվեր ջրհեղեղի լեգենդը, ես, ինչպես Նոյը, կկարողանայի վերականգնել երկրի վրա հողագործության ու անասնապահության մշակույթը… Եվ եթե ինչ-որ բան պատահեր մարդկության հիշողությանը, ես կարող էի իմ համագյուղացիների պատկերով ու նմանությամբ, նրանց այն ժամանակվա կյանքի պատկերով նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը…»:

3
Մաթեւոսյանի մասին մեզ հետ իր հիշողություններով կիսվեց նաեւ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան: Նա գրողի հետ ծանոթացել է 1997-ին, իսկ միջնորդը եղել է Վանո Սիրադեղյանը, ով այն ժամանակ Երեւանի քաղաքապետն էր: Այդ հանդիպումը եզրափակվել է ձեռքսեղմումով, սակայն տարիներ անց նրանց ուղիները կրկին պետք է խաչվեին` արդեն հայրենիքից դուրս եւ մտերմիկ պայմաններում:

4

«2002 թվականն էր, հանդիպեցինք Լոս Անջելեսում: Ինձ Երեւանից զանգեցին, ասացին, որ Մաթեւոսյանը հիվանդանոցում է, նրան վիրահատել են, ծանր վիճակում է: Ես զանգեցի իրեն, հանդիպելու թույլտվություն խնդրեցի, համաձայնեց: Գնացի իրենց տուն, որը Գլենդելի սարերում էր, երկար զրուցեցինք, մյուս օրը նորից գնացի, դրանից հետո երեք ամսվա մեջ ամեն օր հանդիպում էինք, մեքենայով գնում էինք սարերը: Ի դեպ, Գլենդելի սարերը շատ նման են Հայաստանի սարերին: Այնտեղ կանգնում էինք, ժամերով խոսում էինք ամենատարբեր թեմաների շուրջ»:

Լուսանկարիչը հիշում է այն տրամադրությունը, որը պատել էր գրողին իր կյանքի վերջին ամիսներին. «Նա սփյուռքում ոչ ոքի մոտ չէր թողնում: Արգելել էր, որ լրագրողները մոտենային իրեն, այդ ընթացքում չտեսա, որ որեւէ մեկի հետ շփվեր, մեկուսացած էր: Այդ օրերին ամենաշատը խոսում էր Հայաստանից, թոռներին էր հիշում, իսկ հիմնականում լռում էր, գլուխը կախ քայլում էր, նստում պատշգամբի եզրին, վտանգավոր էր, բայց նստում էր: Երբ նրան ճանապարհեցի Հայաստան, օդանավակայանում շատ տխուր բաժանվեցինք իրարից, ինքը շատ լավ գիտեր իր հիվանդության մասին, գիտեր` իր հետ ինչ էր կատարվում… Դրանից հետո էլ իրեն չտեսա…»:

5

Ս. Սեւադան խոստովանեց, որ այդ երեք ամիսների ընթացքում ինքը Մաթեւոսյանից սովորել է մտածել, ճիշտ մտածել, լռել եւ խոսել: «Նրա խոսքը շատ դիպուկ էր, սարսափելի դիպուկ. մեկ բառով կարող էր մի հսկայական միտք արտահայտել: Աչքի, ձեռքի շարժումով էլ խոսում էր…»,-ասաց լուսանկարիչը:
Նա հիշեց, որ Մաթեւոսյանը պատմում էր միջանկյալ պատմություններ իր գյուղից, որոնք չէր գրել, պատմում էր` անուններով, բացահայտում էր իր նախատիպերին: Խոսելով Մաթեւոսյանի գրող տեսակի մասին` Ս. Սեւադան պարզապես նկատեց. «Եթե նա հայ չլիներ, վաղուց Նոբելյան մրցանակ էր ստացել…»:

Լուսանկարները` hrantmatevossian.org կայքից

Աննա Բաբաջանյան




Լրահոս