ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ դժգոհում Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների աշխատանքից: «57 համարի ավտոբուսը (նախկին 88 համարի միկրոավտոբուս) երեկոյան ժամը 22:00-ից հետո չի աշխատում: Ախր իմ աշխատանքային օրն էլ այդ ժամին է ավարտվում: Ամեն օր տաքսիով եմ տուն գնում: Թող երեկոյան ժամերին քաղաքապետն ուշադրություն դարձնի, թե երեւանյան կանգառներում ինչքան մարդ կա կուտակված»,-զայրացած դժգոհեց քաղաքացի 31-ամյա Վարդուհի Սիմոնյանը: Դժգոհություններ հնչեցին նաեւ 38, 19 համարի միկրոավտոբուսներից եւ 40 համարի ավտոբուսից: Քաղաքացիների պնդմամբ՝ 40 համարի ավտոբուսն անձրեւոտ եղանակին գրեթե չի աշխատում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ. «57 համարի ավտոբուսը մինչեւ ժամը 23:00-ն աշխատում է: Ես ամեն օր, Օպերայում կանգնած, դա նկատում եմ: 38 եւ 19 համարի միկրոավտոբուսներն էլ են աշխատում, իսկ 40 համարի ավտոբուսի հետ մի փոքր դժվարություն կա, բայց մյուսների մասով համամիտ չեմ»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձեց համոզվել՝ արդյոք ստում է վարչության պետը. պարզվեց՝ այո: Արդեն երկու օր է՝ 57 համարի ավտոբուսը երեկոյան ժամը 21:30-ից հետո չի աշխատում: Գրեթե նույն վիճակում էին նաեւ 38 եւ 19 համարի միկրոավտոբուսները:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏՂԱՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի բաժնում մերժել են Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի կողմից ծեծի ենթարկված 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկի՝ Նատալյա Սարգսյանի դիմումը: Հիշեցնենք, որ մայրը դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին՝ բողոքելով, որ դպրոցի տնօրենը երեխային տուն էր ուղարկել անհիմն, եւ այդ կապակցությամբ տնօրենից պարզաբանում ստանալու իր փորձերն ավարտվել էին ծեծով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միջադեպի հետ կապված՝ Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ասել է թե՝ դպրոցի տնօրենն ու աշխատակիցները չեն ծեծել Նատալյային: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ սուտ մատնության մեղադրանք չի առաջադրվել Նատալյայի նկատմամբ: Այս հարցը մնում է անպատասխան:
Տեսակետ կա, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին աջակցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, քանի որ նրա տղան սովորում է այդ դպրոցում, դասղեկն էլ Ալլա Մելիքյանն է: Եվ այս փաստն օգտագործելով՝ տնօրենն իրեն անպատիժ է զգում:
ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ
Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երեկվա դատական նիստը հետաքրքիր զարգացումներ է ունեցել: NEWS.am-ի տեղեկացմամբ` նիստին տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, որն իբր Խաչիկ Պողոսյանին կրակելուց հետո տարել է Քանաքեռ, ցուցմունք է տվել, որ նրան չի հիշում: Վկայի խոսքով՝ Խաչիկի լուսանկարն իրեն ներկայացրել են հարցաքննության ժամանակ եւ ասել, որ նման ցուցմունք տա:
Մեղադրյալ Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Իրենք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն: