ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱ՞Կ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր նիստերից մեկում որոշեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գործունեության մեջ ձեռնարկատիրության տարր չկա… Այսինքն, եթե մարդն ամեն տեղ փակցնում է հայտարարություններ այն մասին, որ վարձով է տալիս տարածքներ, անգամ տեսագրվում ու ձայնագրվում են վարձակալության հետ կապված գործարքների հեռախոսազրույցները, նա դարձյալ ձեռնարկատիրությամբ չի զբաղվում:
Իհարկե, մեծն իրավագետ Դավիթ Հարությունյանի որոշումն է սա, բայց հո բոլորը գիտեն, որ պատգամավոր դարձած մարդը, որը, ի դժբախտություն հայ ուսանողության, նաեւ դասախոս է, զբաղվում է ձեռնարկատիրությամբ` երբեմն դառնալով վաշխառուից ավելի արյուն քամող ու կծծի… Ժամանակին գրվել է այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորն իր եկամուտները վաստակում է մայրաքաղաքի Կորյունի փող. 18-Ա բարձրահարկ ապակեպատ շենքից. այստեղ տեղավորված է «Ուրարտու» համալսարանը, որը մերօրյա Գոբսեկի վարձակալն է: Այս շենքը երեւանցիներին քաջածանոթ է, որովհետեւ այստեղ են տեղակայված նաեւ ՀԱԿ գրասենյակը եւ վարձակալությամբ գործող մի քանի տասնյակ ընկերություններ…
Անշուշտ, ամբողջ շենքը Միքայել Մելքումյանին չի պատկանում, դա չափազանց շատ կլիներ Տնտեսագիտական համալսարանի ամենակոռումպացված դասախոսներից մեկի համար, սակայն այս շենքում, միանգամայն «առեղծվածային» պայմաններով տարածքի տեր դառնալով, նա չափազանց բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ համար՝ 80-100 հազար դրամ… Հենց սա էլ էթիկայի հանձնաժողովը ձեռնարկատիրություն չի համարում… Դե իհարկե, սա ամենասովորական վաշխառություն է, ընդհանուր առմամբ` «ջեբկիրություն», քանի որ ժլատ ու կծծի մարդը միայն կարող էր նման գներ սահմանել ու դեռ ինքն էլ իր բրոքերը լինել, որպեսզի մեկ ուրիշին չվճարեր… Ի դեպ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, տեղեկանալով այն մասին, որ Մելքումյանի հարցը պետք է քննվի էթիկայի հանձնաժողովում, ասել էր. «Ի՞նչ է նշանակում հետեւողական որսը մարդու մասնավոր կյանքի, մասնավոր սեփականության նկատմամբ եւ դրանից բխող հիմնարար ազատությունների նկատմամբ»: Այսինքն՝ նա չէր հերքել, որ իր գործընկերն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Ի դեպ, Մելքումյանն ինքն էլ, ինչպես իր աղմկահարույց հեռախոսազրույցում, այնպես էլ ունեցվածքի հայտարարագրում կարծես թե չի հերքել այն, ինչն էթիկայի հանձնաժողովը ժխտեց. նա «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 շենք եւ շինություն Երեւանում` ընդհանուր 883.8 քմ մակերեսով:
Տարեկան դրամական եկամուտը` 11 մլն 167 հազ. 612 դրամ եւ 7808 ԱՄՆ դոլար է (6 մլն 954 հազար 767 դրամը` աշխատավարձ, մնացածը` բանկային ավանդներից եւ վարձավճարներից ստացված եկամուտ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2 մլն ՀՀ դրամ, 139 հազ. ԱՄՆ դոլար: Շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: Հազիվ թե դասախոսի աշխատավարձով ապրող մարդն այսպիսի ունեցվածքի եւ դրամական միջոցների տեր լինի: Բայց մեր խորհրդարանում շատ վաղուց վարժվել են ապացուցել, որ ունեցվածքն ու փողերը երկնքից են ընկնում կամ էլ ԱԺ բակի ծառերի վրա են աճում…
Որտեղի՞ց եւ ինչպե՞ս է հայտնվել Միքայել Մելքումյանը խորհրդարանում, ի՞նչ ճանապարհ է անցել: Հիմա նա հիսունմեկ տարեկան է, ծնվել է Երեւանում ապրիլի մեկին… 1983-ին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը եւ երկու տարի ծառայել բանակում: Բանակից վերադարձել եւ ընդունվել է ասպիրանտուրա, որն էլ ավարտել է 1987թ.: 1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է որպես արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական, 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ, 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ: Կենսագրության մեջ նշվում է, որ 1994թ., 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Թե ինչու է գիտության դոկտորը, պրոֆեսորը մղվել պետական գույքի կառավարման նախարարություն, հետո վարչություն, դժվար չէ բացատրել: Հենց այդտեղ աշխատելու ժամանակ էլ, օգտագործելով պաշտոնական դիրքը, առանց աճուրդի սեփականաշնորհել է այն տարածքները, որոնք այսօր վարձակալության է տվել: Բայց զարմանալի է, որ փոխնախարար եղած մարդը, պրոֆեսորը «կլիենտների» հետ խոսում է շուկայական «եզրաբանությամբ», «ապերաբուլոյական» ժարգոնով: Ասում են, որ հենց այդ բառապաշարով էլ վարում է դասախոսությունները:
Ի՞նչն է Գագիկ Ծառուկյանին կապել այս մարդու հետ, ինչո՞ւ է նրան դարձրել իր կուսակցության համամասնական ցուցակի անդամ… Առայժմ դժվար է պատասխանել այս հարցին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն աղքատներին կամ մտավորականներին չի ցանկանում տեսնել խորհրդարանում, իսկ ահա այս բրոքեր-պրոֆեսորը շատ ձեռնտու է: Գուցե պետք գա  նաեւ բրոքերության ասպարեզում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս