ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում մայիսի 28-ին ծավալված բնապահպանական ակցիան վերածվել է հակակառավարական զանգվածային ցույցի: Ստամբուլի Գեզի զբոսայգու ծառերը հատելու, այնտեղ առեւտրային կենտրոն կառուցելու դեմ սկսված անկարգությունները վերածվել են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարած ներքին եւ արտաքին քաղաքականության դեմ պայքարի: Ոստիկանները ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ինչպես նաեւ ուժի կիրառմամբ փորձում են ցրել ցուցարարներին:
Թուրքական բնակչությունը սկսել է պահանջել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով ընդդիմադիրներին ճնշելու, խոսքի ազատությունը սահմանափակելու եւ «աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների» մեջ: Կան զոհեր, վիրավորների եւ ձերբակալվածների թիվը հասնում է հազարների: Թուրքիայի բանակն առայժմ չեզոքություն է պահպանում: Ստամբուլում ցույցերի ընթացքում հնչում են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ ուղղված կարգախոսներ:
Նշենք, որ Թուրքիայում բողոքի ակցիային մասնակցում է հայ համայնքի ձախ շարժումներին հարող ակտիվիստների մի ստվար հատված:

ՀԱՐՑ.  Ի՞նչ եք կարծում, Թուրքիայում ստեղծված իրավիճակի ապակայունացումը հրահրվո՞ւմ է արտաքին կամ ներքին մութ ուժերի կողմից, եւ կարելի՞ է սպասել «թուրքական գարնան»:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենեւին: Ապստամբներին միավորել են Էրդողանի անձի դեմ ունեցած հակակրանքն ու անհամաձայնությունը նրա քաղաքականությանը, որն արդեն մուտք է գործում թուրք քաղաքացիների անձնական կյանք: Դա այսօր ցուցարարներին միավորում է, սակայն իրենք էլ ունեն խորքային տարաձայնություններ իրենց մեջ:
Կունենա ակցիան դրական ելք, թե ոչ՝ դեռ պարզ չէ: Եթե նկատի ունենանք Էրդողանի ու իր իշխանության ավարտը, ապա Էրդողան անձը, հնարավոր է, ժամանակավոր հետ քաշվի՝ կրքերը հանդարտեցնելու համար, սակայն նրա ղեկավարած կուսակցությունն այս պահին շատ ուժեղ է ու հիմնավորված, ուստի չեմ կարծում, որ էական փոփոխությունների հասնեն: 2007-ին շատ ավելի մեծածավալ ցույցեր էին, բայց ամեն դեպքում Էրդողանը դրանից հետո էլ ճնշող մեծամասնության ձայները հավաքեց: Ստեղծված իրավիճակում չկա արտաքին կամ ներքին ուժերի միջամտություն:

ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ
թուրքագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Աշխարհիկ Թուրքիան ժառանգել է սահմանակից, մրցակից երկրների հակակրանքը, նաեւ ներքին էթնիկական, կրոնական, սոցիալական՝ վաղուց հիվանդություն դարձած պրոբլեմները: Ու քանի դեռ Թուրքիան մնում է հավատարիմ բյուզանդական եւ օսմանյան կայսրությունների արժեքային համակարգին, դատապարտված է իր գոյությունը պահպանել տագնապներով լի կյանքով, իսկ եթե չբարեփոխվի, չդառնա ժամանակակից ժողովրդավարական, մարդասիրական արժեքներով ապրող երկիր, կմեռնի:

ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ
նախկին պատգամավոր
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս