ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՋԱՐԴՆ» ՍԿՍՎԵՑ
Երբ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը նշանակվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, բոլորը սպասում էին, որ շուտով կսկսվի «կադրային ջարդը»: Եվ ահա, ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատեց սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Ու ձեւակերպումն էլ ձեւական է՝ իր դիմումի համաձայն: Հարցն էլ կառավարության նիստի օրակարգ է մտցվել վերջին պահին՝ նախարարի առաջարկությամբ: Էլոյանն աշխատակազմի ղեկավար էր 2009-ից, իսկ մինչ այդ երկար տարիներ աշխատել էր ԱԺ-ում: «Իր դիմումի համաձայն» աշխատանքից ազատվել է նաեւ փոխնախարար Սամվել Խաչատրյանը, որն օլիմպիադայից հետո հրաժարվել էր ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նրա հրաժարականից հետո ծանրամարտի վիճակն օրեցօր վատանում է, բայց դա առանձին խոսակցության թեմա է: Օլիմպիադայում ձախողման մասին խոսել էր նաեւ այն ժամանակ Ս. Սարգսյանի խորհրդական Յ. Վարդանյանը` տեսնելով նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղավորությունը, ինչին ի պատասխան՝ Ս. Խաչատրյանը բաց նամակով սուր քննադատության էր ենթարկել Յ. Վարդանյանին։ Եվ քննադատությունը չներվեց: Տեսնենք՝ ով է լինելու հաջորդը: Իհարկե, դժվար թե «ամենայն հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը վտանգի տակ լինի: Հիշեցնենք, որ ժամանակին խոսվում էր նրան Սյունիքի մարզպետ նշանակելու հավանականության մասին:

ՄԱՐԶԻՉԸ ՇԱՏ ԳՈՀ Է
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց, որ շատ գոհ է թիմի ցուցադրած խաղից, իսկ լավագույնը համարում է Վարազդատ Հարոյանին:
Նշենք, որ առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով: Իսլանդացիներն ավելի լավ ֆուտբոլ էին խաղում, իսկ մերոնք գրեթե չէին մտածում գրոհելու մասին եւ 43-րդ րոպեին պատժվեցին: Ընդմիջումից հետո մարզիչը մի քանի փոփոխություն կատարեց՝ թարմացնելով մեր հավաքականի խաղը: Գերմանական «Հանզա»-ի հարձակվող Սարգիս Ադամյանն առջեւի գծում ակտիվացրեց դաշտի տերերի խաղը, 67-րդ րոպեին Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմի կիսապաշտպան Աղվան Պապիկյանն աջ եզրում վարպետորեն ազատվեց 2 պաշտպանների հսկողությունից, փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Աշոտ Սարդարյանին, որը խփեց պատասխան գնդակը: Երկու թիմն էլ փորձում էին հաղթանակ կորզել, ու դա 90-րդ րոպեին հաջողվեց իսլանդացիներին: Մեր հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով Ղազախստանի երիտասարդական հավաքականին:
Երեկ՝ երեկոյան, մեր ազգային հավաքականը մրցեց Մալթայի հավաքականի հետ եւ խայտառակ պարտություն կրեց 1:0 հաշվով: Հավանաբար, սա մեծ անակնկալ էր Մալթայի հավաքականի համար, որը նախորդ բոլոր 5 խաղերում պարտություն էր կրել խփած գնդակների 1:14 հարաբերակցությամբ: Մի՞թե այսքանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կշարունակի ատամներով պահել հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին, որը նրա սանիկն է եւ արդեն մեկ անգամ հրաժարական է ներկայացրել, սակայն այն չի ընդունվել:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս