ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հեղինակային իրավունքները մեզ մոտ գրեթե ամեն քայլափոխի ոտնահարվում են, ոչ մեկի համար գաղտնիք չէ: «Ժողովուրդ»-ին դիմած Սեդրակ Հովհաննիսյանի խոսքով՝ դա տեղի է ունեցել նաեւ իր դեպքում:
Ամեն ինչ կընթանար իր հունով, եթե պրոֆեսիոնալ երաժիշտ, կլառնետահար, սաքսոֆոնահար, դուդուկահար, բանաստեղծ ու երգիչ, բազմաթիվ երգերի, դրանց տարածված ձայներիզների, խտասկավառակների ու տեսասկավառակների հեղինակ Սեդրակ Հովհաննիսյանը (դա հաստատվում է համապատասխան վկայականով եւ տեղեկանքով, դրա մասին են վկայում նաեւ նրա` 1995թ. եւ 2010թ. լույս տեսած «Մանուշակ աչեր» եւ «Հայոց աշխարհ» գրքերը) 2011 թվականին Հանրային հեռուստատեսությամբ չդիտեր «Երգ երգոց» հաղորդումը: «Հաղորդման ժամանակ մասնավորապես հայտարարվեց, որ «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ», «Այն գիշեր», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ», «Պետք չէ, սիրելի՛ս, պետք չէ», «Մի՛ գնա», «Դու նորից ես գալիս» երգերի բանաստեղծությունների եւ երաժշտության հեղինակը Հասմիկ Մանասերյանն է: Գնացի նրանց տուն, ցույց տվեցի 1965թ. իմ ղեկավարած երաժշտախմբի նվագակցությամբ երգիչ Ռազմիկ Գրիգորյանի կատարած երգերի ձայնագրությունը: Խնդրեցի, որ գնա հեղինակային իրավունք, հայտարարի, որ այդ ութ երգերի երաժշտության հեղինակը ես եմ: Բայց երբ 5 ամիս անց զանգահարեցի, ինձ անվանեցին «խելքը գցած ծերուկ, գիժ»: Եվ իմ հեղինակային իրավունքները վերականգնելու համար ստիպված դիմեցի դատարան…Նա առնչություն չի ունեցել ո՛չ երաժշտության, ո՛չ երգի կամ որեւէ երաժշտական կատարողական արվեստի հետ»:
Ըստ մեր զրուցակցի՝ Հասմիկ Մանասերյանն այդ երգերը հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչությունում (ՀԻՊՀՎ) գրանցել է 1967-ին. «Ընդ որում, տեղեկանքն անընթեռնելի է, ՀԻՊՀՎ հայկական բաժանմունքի հեղինակի գրանցման թերթիկում որպես ստեղծագործությունների տեքստի հեղինակ նշված է Հ. Մանասերյանը, իսկ «երաժշտություն» բառի վրա գիծ է քաշված: Դա նշանակում է, որ երաժշտության հեղինակը հայտնի չէ: Եթե նա երաժշտություն գրող է, ապա ինչո՞ւ նրա` 1997թ. տպագրված «Ծաղիկներ, ծաղիկներ» եւ 2011-ին տպագրված «Բույրը վարդերի» երգարաններում նշված 8 բանաստեղծությունները նոտաներով են, իսկ մնացածը` ոչ»: Ինչպես պատմեց Ս. Հովհաննիսյանը, 1964թ. ապրիլին իր ծանոթներից մեկն իրեն է տվել կլոր սկավառակով ձայներիզ, որի վրա գրանցված են եղել այն ժամանակ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Մանասերյանի` վերոնշյալ ութ երգերի խոսքերը. «Դրանք երգի համար տեքստեր էին, բայց երգ չէին: Ես ստեղծեցի դրանց մեղեդիները եւ բառերը փոխելով՝ հարմարեցրի այնպես, ինչպես կատարվում է մինչ այսօր: Իմ ղեկավարած երաժշտախումբն է եղել դրանց առաջին կատարողն ու տարածողը, իսկ առաջին երգիչը եղել է Ռազմիկ Գրիգորյանը: Եվ պահպանվում են 1964-65թթ. ձայնագրությունները»:
Չներկայացնելով դատական մանրամասները` միայն նշենք, որ Ս. Հովհաննիսյանի հայցը բոլոր երեք ատյաններում էլ մերժվել է, եւ նրա փաստաբանը պատրաստվում է դիմել ՍԴ, ապա, հարկ եղած դեպքում, Եվրադատարան: Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ ցանկանում է՝ այս հարցով անկախ հանձնաժողով կազմվի. «Եվ բոլորը կհամոզվեն, որ իրեն երաժշտության հեղինակ հռչակած Հ. Մանասերյանը ո՛չ նոտա գիտի, ո՛չ էլ կարող է իր «գրած» երաժշտությունից գոնե մի հատված կատարել»:
«Ժողովուրդ»-ը պատրաստ է ներկայացնել նաեւ Հասմիկ Մանասերյանի կարծիքը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս