Ինձ համար զարմանալի է, երբ հայկական ԶԼՄ-ները հայտարարում են, որ ՀԱՊԿ-­ը չի արձագանքում. Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արձագանքել է, արձագանքում է և կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է անդամ­երկրների անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին փետրվարի 12-­ին Աստանա­-Երևան-­Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով հայ լրագրողի հարցին, թե ինչն է խանգարում կազմակերպությանը հայտարարություններ անել` ի պատասխան Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի գործողությունների:

«Հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-­երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով Կովկասում իրավիճակի հետ կապված: Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-­ը չի արձագանքում, ինձ համար զարմանալի է: Մենք ամենամյա հայտարարություններում անդրադառնում ենք հարցին»,­ «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` ասաց Բորդյուժան: Նա հավելեց, որ մեկ ամիս առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում, մեկնաբանություն տալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ, նշել է, որ հայ­ադրեջանական սահմանին ու շփման գծում լարվածության էսկալացիան անընդունելի է:

«Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ հայտարարությունները բավարար են, ու ոչինչ չի ազդում մեր կազմակերպության հեղինակության վրա»,­ավելացրեց պաշտոնյան:

Բորդյուժան նկատեց, որ իրավիճակի մոնիտորինգ իրենք միշտ իրականացնում են, ինչն ամրագրվում է տարեկան հաշվետվություններում: Իսկ ԼՂ հիմնահարցի առնչությամբ դիրքորոշումը հստակ է: «ՀԱՊԿ բոլոր անդամները կողմնակից են, որ կոնֆլիկտը լուծվի քաղաքական միջոցներով, միայն խաղաղ ճանապարհով: Բոլոր երկրները դեմ են սահմանին ծանր տեխնիկայի կիրառմանն ու իրավիճակի սրմանը»:




Լրահոս