ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով՝ չբացահայտվող հանցագործություններ չկան, բոլորն էլ ժամանակի ընթացքում բացահայտվում են: Բայց, ամեն դեպքում, կա մի հանցագործություն, որը նախկին ոստիկանապետը չկարողացավ բացահայտել, եւ դրա համար այսօր ցավում է:
Խոսքը ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության մասին է, որը տեղի ունեցավ 2009թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:15-ին, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող “Օլիմպիա” մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալիս: Մհերյանի ուղղությամբ արձակվել էր ութ կրակոց, որոնցից հինգը դիպել էին նրան: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ:
Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման հետ կապված, հանձնարարականներ է տվել Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանին:
Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հատուկ հանձնարարության փաստը:
-Ի՞նչ կա դրանում զարմանալու: Տա Աստված, որ բացահայտվի: Ժամանակին ես էլ եմ շատ հանձնարարականներ տվել եւ վատ չեմ աշխատել, ամեն ինչ արել եմ: Շատ լավ է, որ համապատասխան հանձնարարականներ են տրվել, ու մարմիններ են ստեղծվել, սակայն ասել, թե այն ժամանակ չեն աշխատել եւ հիմա են աշխատում, քանի որ հանձնարարականներ են տրված, դա այդպես չէ: Ո՞նց կարող է պատահել, որ ես հանձնարարականներ տված չլինեմ, հատուկ խմբեր եմ ստեղծել, դրանով մարդիկ աշխատել են, հայտարարել եմ, որ իրոք պատվի հարց է, եւ պետք է անպայման բացահայտենք այդ դեպքը: Չեմ ափսոսում, որ նման հայտարարություն եմ արել, քանի որ իրոք պետք է բացահայտվեր, բայց հիմա չի ստացվել, ի՞նչ անեմ: Ես էլ եմ համաձայն, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, բայց հանցագործություններ կան, որ ժամանակի ընթացքում են բացահայտվում: Կարող է մեկ տարի, երկու տարի, հինգ տարի, բայց մեկ է՝ բացահայտվելու են: Կրկնում եմ՝ տա Աստված, որ շուտափույթ բացահայտվի այդ մարդասպանությունը, քանի որ այն ոստիկանության համար պատվի հարց է, ու ես միայն ուրախ կլինեմ եւ կողջունեմ:
-Համապատասխան մարմիններ ասվածն ի՞նչ է: Դուք առանց համապատասխան մարմինների հետ համագործակցելո՞ւ եք փորձել բացահայտել փոխոստիկանապետի սպանությունը:
-Բայց մինչեւ այդ ո՞վ է զբաղվել՝ կաթի կոմբինա՞տը, թե՞ “Ջրմուղ”-ը, ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ այն ժամանակ մարմինները մարմին չէին: Ողջունելի է, որ մարդիկ նորից խումբ են ստեղծել, նորից աշխատում են եւ զբաղվում այդ խնդրով: Դա լավ է, ինչի՞ մասին է խոսքը: Բայց որ ինչ-որ մարդիկ ասում են, թե նախկինում չի եղել, եւ ահա հիմա համապատասխան խումբ է ստեղծվում, ուրեմն նրանց հիշողությունն եմ թարմացնում. նախկինում նման խմբեր շատ են ստեղծվել, անընդհատ թարմացրել ենք, ամեն անգամ նոր վերսիաներ ենք մշակել: Լավ չէ, որ չի բացահայտվել, շատ վատ է: Չգիտեմ՝ երբ կբացահայտվի, բայց մի օր հաստատ բացահայտվելու է: Տա Աստված, որ շատ շուտով բացահայտվի:
-Ի վերջո, բոլորի համար մինչ օրս առեղծված է մնում, որ Մհերյանի հայրը հրապարակավ հայտարարեց, թե իր որդու USB կրիչը, որին նա շատ խնամքով էր վերաբերում, գործից անհետացել է, եւ պնդում էր, որ Դուք տեղյակ եք, թե ինչ կրիչի մասին է խոսքը:
-Կրիչի հետ կապված՝ ես Մհերյանի հայրիկի հետ մի քանի անգամ խոսակցություն ունեցել եմ: Խուզարկության ժամանակ ես չեմ եղել նրա աշխատասենյակում եւ ընդհանրապես չեմ մտել նրա աշխատասենյակ ոչ մի անգամ՝ թե՛ այդ դեպքից առաջ, թե՛ դեպքից հետո: Դրա վերաբերյալ համապատասխան մարմինները` տեղակալներ, քննիչներ, դատախազության ղեկավարներ, բոլորով միասին աշխատանքն իրականացրել են, եւ բոլորը բարձր չինովնիկներ են, ու ոստիկանապետի՝ այնտեղ մտնելն այդպես կարեւոր երեւույթ չէր. մտնեի, ի՞նչ անեի: Հիմա կրիչ եղել է, թե չէ՝ ես չեմ հավատում, քանի որ համապատասխան խումբը հայտնաբերած եւ ներկայացրած կլիներ: Իմ շահագրգռվածությունը, որ այդ կրիչն անհետանա, ես համարում եմ ցնորք, ցը-նորք: Այսինքն՝ մարդիկ կան, բացի հանցագործից, որ չեն ցանկանում՝ այդ գործը բացահայտվի:
-Տպավորությունն այդպիսին է, որ չեն ցանկանում բացահայտել:
-Գիտեք, տպավորություն ստեղծելը մի բան է, իրողությունը՝ մեկ այլ բան: Հասկանում եմ, որ հայրը վշտի մեջ է, զավակ է կորցրել, բայց անմեղ մարդկանց մեղադրելը, կարծում եմ, որ լավ բան չէ: Ի՞նչ ասեմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 557 համար