“Քրիստինա Օհանյանը երկար տարիներ աշխատել է “Հայաստանի ազգային պատկերասրահ” ՊՈԱԿ-ում` որպես ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Վերջերս նրան անհիմն ազատել են աշխատանքից, որի կապակցությամբ նա դիմել է դատարան եւ վերականգնել իր խախտված իրավունքը: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
“Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով Քրիստինան հայտնել է, որ ներկայումս վերադարձել է իր նախկին աշխատանքին, սակայն աշխատավայրում խոչընդոտներ են ստեղծվում նրա աշխատանքային պարտականությունների կատարման համար: Գործընկերների, մասնավորապես` պատկերասրահի ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանի կողմից պարբերաբար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, տարբեր սադրանքների եւ զրպարտությունների: Նա նշել է նաեւ, որ աշխատավայրում իրեն չեն տրամադրում սեղան, համակարգիչ եւ աշխատանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Ընդամենը օրեր առաջ էլ Քրիստինան տեղեկացել է, որ իր նկատմամբ կիրառվել է “նկատողություն” կարգապահական տույժ՝ հիմք ընդունելով իր՝ աշխատանքի չներկայանալու հանգամանքը, մինչդեռ վերջինս պնդում է, որ ինքը պարտաճանաչ ներկայացել է աշխատանքի եւ ոչ մի օր չի բացակայելե:
Այս ամենի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է գրություններ ուղարկել Մշակույթի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ”: