Որակյալ բուժօգնության ապահովումը` առաջնահերթություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին: Քննարկվեց իրականացված և իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցության մակարդակն առողջապահության ոլորտում` վստահեցնելով, որ վարկային ծրագրերն ծառայում են իրենց նպատակին:
Նախարարի գնահատմամբ` այդ մասին են վկայում նաև 2015-2016թթ. շահագործման հանձնված մի շարք բժշկական կենտրոնները, ինչպես նաև տնտեսված միջոցների հաշվին կառուցված ամբուլատորիաները:

Նա անդրադարձավ ոչ միայն համատեղ իրականացված հիվանդանոցաշինության լայնածավալ ծրագրերին, այլև 2015թ. հունվարից մեկնարկած և շարունակվող սքրինինգային հետազոտություններին:
Արմեն Մուրադյանն ընդծեց, որ բնակչությունը վստահությամբ է լցված երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սքրինինգների նկատմամբ, որոնք ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:

Նշվեց նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում որպես գերակայություն սահմանել է կարիքների գնահատումը, ինչը ևս պետք է լինի համատեղ իրականացվող աշխատանքների հիմքում:
Նախարարն ընդգծեց նաև, որ արդյունավետ համագործակցության բարձրանիշը պահպանելու տեսանկյունից, բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը:
Սուսաննա Հայրապետյանը նախարարին ներկայացրեց իրենց թիմի այն անդամներին, ովքեր վերջերս են ժամանել մեր երկիր առողջապահության ոլորտում առաքելություն իրականացնելու նպատակով:
Նա հանդես եկավ նաև իրականացվող ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկներով:

Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց նաև Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից առողջապահության ոլորտում իրականացված տասնամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որն հանգամանալից անդրադառնում է փուլ առ փուլ կատարված բոլոր բարեփոխումներին և արդիականացման ծրագրերին:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավարը ևս իր հերթին գոհունակություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունից:




Լրահոս