Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի արձագանքը` օֆշորային սկանդալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրություն է տարածել առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանի անունից, որում հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ նրա ունեցած առնչության մասին:
 
Հայտարարության մեջ նշվում է. “Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
 
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
 
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով: Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ”:




Լրահոս