ԱԱԾ-ն կդառնա երիտիշխանության անվտանգության երաշխավորը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեորգի Կուտոյանը, ով ընդամենը տասը օր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երեկ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասել, թե այս նշանակումն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Իրականում, այս նշանակումը նման էր ամպրոպի՝ բաց երկնքում: Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանը պետական կառավարման համակարգում իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում  ազգային անվտանգության համակարգում երբեւէ չի աշխատել: Ուստի՝ Սերժ Սարգսյանի կողմից նրան նման պատասխանատու պաշտոն վստահելը, թերեւս, դժվար էր կանխատեսել:

Սակայն այս նշանակումն ուշագրավ է ոչ թե իր անակնկալ լինելով, այլ՝ քաղաքական դաշտում դրա ազդեցությամբ: Ամանորից հետո իշխանական կուլիսներում լուրեր էին տարածվել այն մասին, թե, իբր, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ որպես իշխանության երիտթեւի ներկայացուցիչ, տապալվել է, եւ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նրան պաշտոնանկ անել: Այս լուրերի տարածմանն ակտիվ օժանդակում էին նաեւ նույն երիտիշխանավորները: Գեորգի Կուտոյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելն այդ լուրերի վրա, կարծես, յուղ լցրեց, եւ բոլորը սպասում էին, որ Կոստանյանը, ուր որ է, հրաժարական կտա, եւ նրան կփոխարինի Կուտոյանը: Սակայն, իրականում, Կուտոյանը դատախազություն էր ուղարկվել այնտեղից արդեն գնդապետի կոչումով ԱԱԾ տեղափոխվելու համար: Իսկ Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն ընդամենը միտված էին բթացնելու իշխանության «հնաբնակների» զգոնությունը, մինչեւ որ Սերժ Սարգսյանն ավարտին կհասցներ երիտիշխանավորներին իշխանության կարեւորագույն հերթական օղակը հանձնելու գործընթացը: Թավշյա հեղափոխության նման մի իրավիճակ է ձեւավորվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս