Երեկ ԱԺ քառօրյային ներկա էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս ԱԺ էր եկել ժամը 11:30-ից, եւ նախքան ԱԺ նիստը ԲՀԿ խմբակցությունը մոտ 30 րոպե խմբակցության նիստ անցկացրեց: Այնուհետեւ խմբակցության սենյակից դուրս գալով` Գ. Ծառուկյանը պատասխանեց ընդամենը երկու հարցի, որոնցից մեկը «Կենտրոն» հեռուստաընկերության հարցն էր: Ընդ որում, ակնհայտ էր, որ Ծառուկյանին «պատրաստել» էին այդ հարցին պատասխանելու համար, քանի որ, բացի հ/ը լրագրողի կողմից հնչեցրած հարցից, այլ հարցեր էլ էին հնչում, սակայն Ծառուկյանն ուղղորդված միայն այդ հարցին էր պատասխանում:
Ինչպես հայտնի է, ԱԺ-ում Գ. Ծառուկյանին ուղեկցում ու նրա կողքին միշտ կանգնած է լինում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սակայն երեկ ԲՀԿ առաջնորդի «թիկնազորն» ավելի մեծ էր. խմբակցության քաղաքականապես ակտիվ գրեթե բոլոր անդամներով «համախմբվել» էին ու չէին ցանկանում՝ Ծառուկյանը պատասխանի լրագրողների հարցերին: Ծառուկյանին ուղեկցողները շարունակ ընդհատում էին լրագրողներին ` նշելով, թե ուշանում են նիստից: Առաջին հարցը, որին պատասխանեց Ծառուկյանը, վերաբերում էր տեղեկատվությանը, թե մինչեւ սեպտեմբեր ԲՀԿ-ականներին, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանին, արգելվել է մամուլով խոսել: Ի պատասխան` Ծառուկյանը շատ պատրաստված ձեւով գովաբանեց պատգամավորին ու նրա գործունեությունը:
ԲՀԿ առաջնորդը նախ հայտարարեց, թե ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելել խոսել, ապա նշեց, թե գնահատում է Ն. Զոհրաբյանի նվիրվածությունը, Եվրախորհրդարանում նրա աշխատանքը, եւ ցանկություն հայտնեց, որ մեր ԱԺ-ում Ն. Զոհրաբյանի պես պատգամավորներ շատ լինեն: «Մենք հենց նոր նիստ ենք անցկացրել, եւ նիստում էլ ինձ ասացին, որ այդ թեմայով լուրեր կան… առաջինը՝ ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, հակառակը` նա պետք է հարգի իր թիմակիցներին, նրանց լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի: Նաիրա Զոհրաբյանի պես նվիրյալներ, որոնք մեր երկրի, պետականության մասին մտածում են, պայքարում են այդ խնդիրների համար:»,-նշեց Ծառուկյանը:
Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, Ծառուկյանը պատասխանեց. «Իրավիճակը շատ ցավալի է, սակայն դա քննարկման թեմա չէ, եւ ոչ էլ այն դեպքն է, որ ամեն լրագրող ցանկացածի պես մեկնաբանի: Սա ցավալի է երկրի համար: Սա կորուստ է, որը ցավոտ է բոլոր կողմերի համար: Այդ պատճառով պետք է զինվենք համբերությամբ. կան տուժածներ, կան վկաներ, ինչն իրավապահներին թույլ կտա հետաքննություն անցկացնել: Մեղավորներն անպայման պետք է պատժվեն, որպեսզի նման բան չկրկնվի»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ակտիվ չէ վերջին շրջանում, գուցե արձակուրդ են գնացել, Ծառուկյանը պատասխանեց, թե ոչ մի կուսակցական գործիչ իրավունք չունի այս փուլում արձակուրդ գնալ, քանի որ կուսակցությունը պարտավորություն է վերցրել ժողովրդի եւ ընտրողների առջեւ. «Ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ չլուծված հարցեր ունի, որպեսզի պատասխանատու դեմքերը կարողանան արձակուրդ գնալ: Ամենագլխավորը, որ մենք աշխատում ենք, եւ ձեր հարցը տեղին չէր: Ես միշտ պատգամավորներին ասում եմ, որ նրանք պետք է կարողանան շփվել ժողովրդի հետ, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ժողովրդի առջեւ, եւ մարդկանց հուզող խնդիրները պետք է լուծվեն»:
ՀԻՄԱ ԷԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՆ «ԱՐԳԵԼՈՒՄ» ԽՈՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ