ԷԼԻ ԿԱՐԿՈՒՏ
Հունիսի 9-ին Շիրակի մարզում տեղացած կարկուտի հետեւանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արեւիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ եւ ցանքատարածքներ: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
ՀԱԿ-Ի ԲԵԿՈՐՆԵՐԸ
ՀԱԿ դաշինքի անդամ հինգ քաղաքական ուժեր՝ «Ժողովրդավարական հայրենիք», «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ», «Ժողովրդավարական ուղի», «ՄԻ-96», «Կանաչների միություն» կուսակցությունները, այսօր կամ վաղը նիստ են անելու: Թե ինչ հարցեր են քննարկվելու, առայժմ հստակ չէ:
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
«Հաշվի առնելով մեր նախորդ գործադուլի ընթացքում բարձրացված խնդիրներից որեւէ դրական տեղաշարժի, փոփոխության բացակայությունը` ցավով նշում եմ, որ իշխանությունների համար փաստաբանների կարծիքը դեռեւս որեւէ էական նշանակություն չունի»,-երեկ ասել է գործադուլը նախաձեռնած 46 փաստաբաններից Հայկ Ալումյանը: Հարցին, թե ինչու ի տարբերություն 2012-ի բողոքի ակցիայի, երբ գործադուլին միացավ ՀՀ փաստաբանների շուրջ 50%-ը, այս անգամ փաստաբաններն ավելի փոքր թիվ են կազմում՝ շուրջ 200, Հայկ Ալումյանը նշել է, որ փաստաբանների շրջանում առկա է հուսահատության, սեփական ուժերին չհավատալու տրամադրություն:
ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ ԱԺ-ում ասել է, թե իրենց կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում, նախատեսվածի համեմատ, հնարավոր է՝ գրանցվի 2.5 տոկոսով ավելի գնաճ: Կառավարությունը կանխատեսում է 4 պլյուս մինուս 1.5 տոկոս գնաճ: Այսինքն՝ չի բացառվում, որ տարեվերջին Հայաստանում գրանցվի 8-9 տոկոս գնաճ: ԿԲ նախագահի խոսքով՝ ոչ միայն գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը, այլեւ վերջին կարկտահարությունները բացասաբար կազդեն գնաճի վրա:
ԲՀԿ-Ն` ՀԵԶ ՈՒ ԽՈՆԱՐՀ
Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցությունը չի մասնակցելու այսօր՝ ժամը 11:00-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը «168 ժամ»-ին ասել է, որ ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ եւս երդմնակալությանը մասնակցելու համար հրավիրվել են նախկին քաղաքապետեր, պետական-հասարակական գործիչներ կառավարությունից, խորհրդարանական խմբակցություններից: Ի դեպ, ԲՀԿ Երեւանի ավագանու խմբակցությունը մասնակցելու է երդմնակալությանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔԸ` ԶՐՈ
Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմալյանը, որը 2,5 հա տարածք հող է մշակում եւ կարկուտի պատճառով մեծ վնասներ է կրել, Tert.am-ին ասել է, թե առեւտրային բանկերը, որոնցից իրենք գյուղացիական վարկեր են վերցրել, շարունակում են պահանջել իրենց տոկոսները՝ հաշվի չառնելով կառավարության որոշումը, ըստ որի՝ «վարկեր վերցրած գյուղացիների վարկերի եւ դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության եւ իրավիճակի` սառեցվելու է որոշակի ժամկետով»: Այս որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիրում կայացած խորհրդակցության արդյունքում։ «Վարչապետն ասում ա, որ բանկերը սառեցնում են երեք տարով, բայց բանկի տերերը գալիս են մեր տներ եւ ասում, որ նման բան չկա, իրենց փողերը պիտի տանք, ֆսյո, տոկոսներն են ուզում: «Ֆինկա»-ն, «Կոնվերս բանկ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը, բոլորն էլ նույնն են ասում»,-նշել է գյուղացին: