ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերի հետ կապված զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Սակայն դեռեւս մանրամասն չեն քննարկել, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել միջադեպը: Պատգամավորի համոզմամբ` Ս. Խաչատրյանը սպանության պահին քնած է եղել ու չի լսել հնչած կրակոցները:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք համարվում եք Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի ցանկությամբ մանդատ ստացած պատգամավոր, որը մշտապես Խաչատրյանի կողքին է: Խնդրում եմ ասել` հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերից Ձեզ ի՞նչ է հայտնի:
-Ես կարող եմ Ձեր հարցերին պատասխանել մի ձեւով. ես տեղեկությանը տիրապետում եմ այնքանով, որքանով մամուլին եմ հետեւել: Տեսել ենք նաեւ դեպքի հետ կապված տեսագրությունը, այսինքն՝ Դուք ինչ գիտեք, գիտեմ նաեւ ես, ո՛չ մեկ տառ ավել եւ ո՛չ էլ պակաս: Ուղղակի դրան գնահատական տալու համար ես դեռ կհամբերեմ: Կսպասեմ քննության ավարտին:
-Որպես նախկին մարզպետի մտերիմ՝ այս միջադեպի հետ կապված զրուցե՞լ եք նրա հետ, Խաչատրյանն ի՞նչ է պատմել Ձեզ:
-Ընդամենը քննարկել ենք երեւույթը, հանդիպել եմ, խոսել եմ, ընդունել ենք, որ շատ անթույլատրելի բան է տեղի ունեցել: Այսինքն՝ մի բան, որ, չեմ կարծում, թե մի նորմալ մարդու դատողության սահմաններից դուրս գա ու ասի, որ դա նորմալ բան է: Դա մի երեւույթ է, որ լինեմ ես, լինեք Դուք, լինի Պողոսը, ոչ մի երեւույթից մենք ապահովագրված չենք:
-Այս օրերին տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, նշվեց նաեւ, որ միջադեպին նախորդած խնջույքի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Խաչատրյանի եւ Ա. Բուդաղյանի միջեւ, որի ժամանակ մարզպետն ապտակել է վերջինիս: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:
-Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, քեֆի ժամանակ առհասարակ ներկա չեմ եղել: Ես մեկ ամիս է` Երեւանում եմ գտնվում՝ բալիկիս առողջական խնդիրների հետ կապված:
-Իսկ չե՞ք փորձել պարոն Խաչատրյանից պարզել` իրականում նման բան եղել է, թե ոչ:
-Չէ՛, անկեղծ ասած՝ նման թեմաներ ես նրա հետ չեմ շոշափել՝ ինչ է եղել, ոնց է եղել: Ուղղակի էն պահը չէ, որ նստես, մարդու հետ տառ առ տառ քննարկես: Ես չեմ կարծում, որ նման երեւույթ եղել է: Անգամ Բուդաղյանների հարազատներն են ասել, որ Խաչատրյանը շատ բարձր տրամադրությամբ Ավետիքին տուն է բերել՝ անձնական մեքենայով, եւ չէր կարող ինչ-որ վեճ լինել: Տրամաբանությանը մոտ է, որ եթե մեքենայով տուն է բերել, ինչ-որ այլ բան պետք է լինի:
-Դուք հավատո՞ւմ եք, որ Ս. Խաչատրյանը քնած է եղել եւ դեպքից հետո է ամեն ինչի մասին տեղեկացել: Ըստ Ձեզ` մարդը կարո՞ղ է այդքան խորը քնել, որ հնչած կրակոցներն անգամ չլսի:
-Ուրեմն գործի բերումով հաճախ է լինում, որ ես անձամբ Ս. Խաչատրյանի հետ հանդիպումներ եմ ունենում: Ասենք՝ ինչ-որ հարց լինի, որ քաղաքապետն անձամբ դիմի ինձ կամ ինչ-որ քաղաքացի դիմի, ու այնպիսի հարց լինի, որ ես շտապեմ իրենց տուն: Շատ է եղել, որ մենք իր հետ, իրենց տանը նստած՝ առաջին հարկում, կողքի հարեւանի տանը խնջույք է եղել, ու պատկերացրե՛ք, որ հնչած հրավառությունը չի լսվել: Դուք գիտեք, չէ՞, հրավառության ձայնն ինչ ուժեղ է, ու պատկերացրե՛ք` հրավառությունը չի լսվում: Ասենք քայլելով դուրս ենք գալիս ու տեսնում, որ հրավառություն է: Ու դա` ընդամենը 20-30 մետրի վրա: Իր տունը հերմետիկ, փայտից բարձրորակ եվրոպատուհաններով է փակված, դրա համար էլ զարմանալի չէ: Ես ինքս ականատես եմ եղել, որ այդ հրավառության ձայնն իրենց տանից չի լսվում: Իսկ հրավառության ձայնը հավասար է թնդանոթի ձայնի: Բացի այդ, իրենց տունը գտնվում է գետի մոտ, որը շատ հաճախ խլացնում է շատ ձայներ: Ուզում եմ ասել, որ ես հավատում եմ դրան:
-Ս. Խաչատրյանի ընտանիքին ճանաչելով` Դուք երեւի ճանաչում եք նաեւ նրա տիկնոջը՝ տիկին Լորետային: Արդյո՞ք նա նման խիզախ կին է, որ կարողանում է միայնակ պայքարել հնչող կրակոցների դեմ:
-Իհարկե դա փաստ է, տիկին Լորետայի մասին կարող եմ շատ դրական կարծիքներ արտահայտել, տիկին Լորետան՝ որպես տղամարդ-կին, որպես հայ կին, իսկական համարձակություն ցուցաբերեց: Իմ կարծիքով` ցանկացած մայր, եթե տեսնում է, որ իր որդու վրա հարձակվել են, ցանկացած մայր նման կերպ կվարվեր:
-Բայց կարող էր նաեւ իր ամուսնուն տեղեկացնել, թե ինչ է կատարվում իրենց առանձնատան մերձակայքում:
-Կարելի է նաեւ այսպիսի ուղղությամբ մտածել, որ ինքը գտել է, թե կին է, կարող է՝ դուրս կգա, եւ քանի որ Ավետիքն իր սանիկն է, իրար հետ կզրուցեն, ամեն ինչ գեղեցիկ ձեւով կավարտվի, ու հաջորդ օրը ինքն Ավետիքին կհրավիրի իրենց տուն, կգնան, եկեղեցում մոմ կվառեն, եւ ամեն ինչ կվերջանա կգնա:
-Տեղյա՞կ եք` այժմ որտեղ է գտնվում Ս. Խաչատրյանը:
-Անկեղծ ասած` այս քանի օրն իր հետ շփում չեմ ունեցել: Տեղեկություններ չունեմ:
ԼԻՍԿԱՅԻ ՏԱՆՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ՉԻ ԼՍՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ