Մխիկը՝ պատգամավոր Արմեն Մխիթարյանը, չի համարվում ակտիվ պատգամավոր, գրեթե օրենսդրական գործունեությամբ չի զբաղվում, փոխարենը խորհրդարանն օգտագործում է իր անձնական խնդիրների լուծման համար:
Վերջերս մեծ աղմուկ առաջացրեց թոշակառու Ամալյա Նազարեթյանին բռնի կերպով հոգեբուժարան տեղափոխելու մասին պատմությունը: Իհարկե, հիմա արդեն ծեր կինը տանն է ու պատմում է իր նկատմամբ գործադրված բռնությունների մասին, որոնց հիմքում, ինչպես ինքն է պնդում, պատգամավորի եղբոր՝ Անդրանիկ Մխիթարյանի նկրտումներն են՝ տեր կանգնել իր ունեցվածքին, քանի որ այդ կնոջ բնակարանի ներքեւում է գտնվում նրան պատկանող օբյեկտը… Ոմանք հակված են պնդելու, թե Մխիկն ամենագործուն ազդեցությունն է ունեցել, թե նրա ցուցումներով են ծեր կնոջը տեղափոխել հոգեբուժարան: Փաստեր եւ հիմնավորումներ չկան, կան միայն ենթադրություններ: Եվ ցանկացած ոք օգտվում է անմեղության կանխավարկածից, քանի դեռ չկան զորավոր փաստեր: Այդպես էլ Մխիկը: Պարզապես խնդիրն այն է, որ հազիվ թե պատգամավորի եղբայրն իրեն այդպես ազատ ու համարձակ պահեր, եթե չիմանար, որ ցանկացած պահի կարող է օգտվել եղբոր աջակցությունից…
ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը, իհարկե, խորհրդարանի ակտիվ պատգամավորներից չէ: Տեւական ժամանակ տեղ զբաղեցնելով օրենսդիր մարմնում՝ նա երբեք օրենսդրական գործունեությամբ չի զբաղվել, չի փայլել նաեւ ելույթներով: Պարզապես նստել է, կոճակ սեղմել ու առավելապես զբաղվել սեփական-անձնական խնդիրներով: Այսինքն՝ վարվել ու վարվում է ճիշտ այնպես, ինչպես շատ պատգամավորներ…
Բավական հետաքրքիր կենսագրություն ունի Մխիկը: Դատելով նրա կենսագրական տվյալներից` կարելի է ասել, որ այս մարդն «ունիկում» է, հազվագյուտ տեսակ, որն առանց մասնագիտական ու բարձրագույն կրթություն ստանալու այնպիսի աշխատանքներ է կատարել ու այնպիսի պաշտոններ վարել, որոնց համար առնվազն միջնակարգ-մասնագիտական կրթություն պետք է ունենար: Իսկ նա դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում, որից հետո մեկ տարի հուշանվերների գործարանում փականագործ աշխատել եւ… հայտնվել Հեռուստառադիոպետկոմում` որպես բեմադրիչ… Փականագործից` բեմադրիչ: Այսպես բացառիկ դեպքերում է լինում, դեռ աշխարհի ոչ մի բեմադրիչ փականագործությունից ռեժիսուրային չի անցել առանց կրթության, սակայն Մխիկն անցել է: Աշխատել է ութ տարի: Բայց բեմադրիչի համեստ կարգավիճակից հոգնել է ու 1991-1994թթ. դարձել «Խնուս» ՍՊԸ նախագահ: Իհարկե, այս ընթացքում նաեւ հասցրել է ավարտել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի մասնագիտացում: Բայց ամենազարմանալին այն է, որ տնտեսագետը 1994թ. սկսած եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ: Ուշագրավն այն է, որ «Վարդանանց» կոոպերատիվ համալսարանն ավարտելուց եւ իրավաբանի որակավորում ստանալուց հետո հեռացել է իրավապահ մարմիններից… Ո՞վ կբացատրի, թե ինչպես է տնտեսագետը դարձել քրեական հետախուզության վարչության պետ, ինչ գիտելիքներով է ղեկավարել ՆԳ մի շարք բաժիններ: Ոմանք ասում են, որ հաշվի են առել այն հանգամանքը, որ նա մասնակցել է Աֆղանստանում խորհրդային զորքերի կողմից իրականացված ռազմական գործողություններին, արցախյան ազատամարտին… Բայց հազարավոր ազատամարտիկներ այս օրերին բողոքում են իրենց ծանր պայմաններից, աղքատությունից, ինչպե՞ս է պատահել, որ հենց Մխիկն է կարողացել, օգտագործելով պատերազմական կենսագրությունը, պաշտոններ զբաղեցնել…
Արմեն Մխիթարյանը խորհրդարանում հայտնվեց 1999թ. եւ ընդգրկվեց «Միասնություն» դաշինքի կազմում՝ չնայած մեծամասնականով էր ընտրվել: Այնպես, ինչպես նաեւ 2003-ին, իսկ ահա 2007-ին եւ 2012-ին արդեն ՀՀԿ համամասնական ցուցակում էր… Ի դեպ, ասենք, որ 2012-ի ընտրություններից առաջ Աֆղանցի Մխիկը հայտարարել էր, որ մեծամասնականով չի առաջադրվելու, որ անգամ չի էլ ուզում պատգամավոր դառնալ: Սակայն, փաստորեն, մտափոխվեց եւ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջողացրեց կրկին խորհրդարան մտնել:
Բնականաբար, այստեղ պիտի լիներ, որովհետեւ դարձել էր ունեւոր, անգամ` մեծահարուստ: Նա իր ունեցվածքի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 7 հողամաս` ընդհանուր 1.279 հա տարածքով, 9 շենք-շինություն` 7359.2 քմ ընդհանուր մակերեսով: Ունի 2 ավտոմեքենա («Լեքսուս» 570 եւ «Ռենջ ռովեր» սպորտ): Հաշվետու տարվա եկամուտը 73 մլն 663 հազ. 520 դրամ է (3 մլն 401 հազ. 520 դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը` եկամուտ գույքի օտարումից, վարձավճարներից («Փեթակ» ՍՊԸ), շահաբաժին «Խնուս» ՍՊԸ-ից): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 40 մլն ՀՀ դրամ, 115 հազ. ԱՄՆ դոլար: Ունի 1.8% բաժնետոմս «ԵՀԱՄ» ԲԲԸ-ում: Իհարկե, նրա դրամական միջոցների մասին տեղեկություններն այնքան էլ վստահելի չեն համարվում, որովհետեւ «Փեթակ»-ի սեփականատերը չէր կարող բավարարվել ընդամենը 115 հազ. ԱՄՆ դոլարով, երբ մի տարվա եկամուտը կազմել է, դարձյալ ոչ լրիվ ներկայացմամբ, 73 մլն 663 հազ. դրամ…
Բնականաբար, Մխիկի ունեցվածքն այսքանով չի սահմանափակվում: Նրան պատկանող «Փեթակ»-ը համարվում է Հայաստանի մեծածախ գլխավոր շուկաներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը: Ու այստեղ ամեն ինչ կարգադրվում է սեփականատիրոջ` Մխիկի կողմից: Մեկ տարի առաջ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ էին արել: Խնդիրն այն էր, որ կառուցվում էին նոր տաղավարներ, որոնք կարող էին վնասել իրենց առեւտրին: Հետո էլ «Փեթակ»-ի աշխատակիցները նամակ էին հղել Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ դանակն արդեն ոսկորին է հասել, քանի որ իրենք աշխատում են ճորտի կարգավիճակում, եւ իրենցից ոչ ոք ձեւակերպված չէ իբրեւ աշխատակից: Մխիկն իբրեւ տնօրեն էր նշանակել ոմն Վարուժան Գրիգորյանի, որն էլ հալածում ու հարստահարում էր բոլորին: Այս ամենին, սակայն, համապատասխան մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին: Հավանաբար, Մխիկը դեռ բավականաչափ «պրախոդ» ունի վերեւներում…
ՄԽԻԿԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ