ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական սահմանին՝ Սադախլոյի մաքսակետի մոտ, վրացական դրոշը ծածանվում է բարձր դրոշակաձողի վրա: Անցակետի մոտ՝ բլրի վրա, մեծ տառերով գրված է երկրի անգլերեն անվանումը՝ GEORGIA: Իսկ մաքսակետի մոտ գունավոր գեղեցիկ նկարներ են՝ Վրաստանի պատմամշակութային հուշարձանների պատկերներ: Վրաց-ադրբեջանական սահմանին՝ «Կրասնի մոստ»-ի մոտ, ադրբեջանցիները մաքսատան հսկայական շենք են կառուցել, որտեղ ծածանվող ադրբեջանական դրոշը տեսանելի է մեծ հեռավորությունից: Իսկ ահա Հայաստանի մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում Հայաստանի պատմական եւ գեղատեսիլ վայրերի նկարներ չկան, դրոշակաձողն էլ սովորական բարձրության է, ավելի ցածր, քան, ասենք, սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանի առաջ կանգնեցվածը: Վրացական մաքսակետի մոտ հսկա մի տարածք հատկացված է առանց մաքսային տուրքի ապրանքների վաճառքին: Նշենք, որ այդպիսի՝ «դյութի ֆրի» ռեժիմով ապրանքներ են վաճառվում միջազգային օդանավակայաններում: Սադախլոյի մաքսակետում ստեղծված այդ հսկա վաճառասրահով Վրաստանը խթանում է այդ երկրում արտադրված ապրանքների վաճառքը: Մինչդեռ Բագրատաշենի մաքսակետում նման  ռեժիմով հայկական ապրանքներ չեն վաճառվում: Սադախլոյի անցակետը եվրոպական կառույց է հիշեցնում, ինչը, ցավոք, չես ասի Բագրատաշենի մաքսակետի մասին: Միակ մխիթարությունն այն է, որ Եվրամիության ֆինանսավորմամբ Բագրատաշենի մաքսակետն այժմ վերակառուցվում է: Հուսանք, որ դրա ավարտից հետո դրական փոփոխություններ կլինեն:




Լրահոս