ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ՝ «ՃԱՆՇԻՆ»-Ն ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության եւ Իջեւանի հեռուստաընկերության՝ երեք տարի ձգվող դատական վեճը շարունակվում է: 2013թ. մայիսի 6-ին ճանապարհաշինական ձեռնարկությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ: Առաջիկայում վերաքննիչ քաղաքացիական դատարանում կկայանա սույն գործի քննությունը:
Այս բազմաչարչար գործի պատմությունը հետեւյալն է: 2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ՝ հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին  «Հ2»-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը դատարանին խնդրել է Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա»-ին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտությամբ որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ: Նշենք, որ հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ՃՇՇ»-ի կողմից Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հանգամանքներին:
2012թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Նաիրա Խաչիկյանից հօգուտ  «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը նաեւ վճռել է Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2012թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում գործի քննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին, իսկ 2013թ. մարտի 22-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը հրապարակել է վճիռը: Դատարանը համարել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանք հասցնելու հանգամանքը: Այդ հիմքով դատարանը մերժել է հայցվորի՝ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ին եւ Ն. Խաչիկյանին ներողություն խնդրելուն եւ համապարտության կարգով 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջը: Դատարանը որոշել է, որ զրպարտության առկայության պարագայում 2 միլիոն դրամի փոխհատուցումը պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել՝ հիմք ընդունելով պատասխանողների գույքային դրությունը: Այդպիսով՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Ն. Խաչիկյանի (ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) մերժվել է:
Միեւնույն ժամանակ, դատարանը վճռել է «Իջեւան ստուդիա»-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ»-ի բռնագանձել 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, եւ 40 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատարանը նաեւ որոշել էր վերացնել Տավուշի մարզի դատարանի 2012թ. հուլիսի 30-ի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի 3 միլիոն դրամի չափով Ն. Խաչիկյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը: Այդ վճիռը մեկ ամսվա ընթացքում կարող էր բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ինչն էլ արվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս